որքա՛ն շատ է տուժում երկիրը մեր գժտության պատճառով: Բայց անդրանկական իրավունքը և արքայական ինքնասիրությունը թույլ չտվին ինձ խոնարհիլ կրտսեր եղբոր առաջ...: Այո՛, կամենում էի, որ դու դիմեիր ինձ. սպասում էի, որ դու հաշտության առաջին խոսքն արտասանեիր։ Որքա՛ն իրավունք ունեի ես, չգիտեմ. բայց այդ իմ ցանկությունն էր...: Երբ մարդ փափագ ունի ապրելու, նա սիրով փարում է այդ ունայն զգացմունքներին... Եվ սակայն իմ ակնկալությունն անցավ ապարդյուն. դու չմոտեցար ինձ և ես խոր վիշտ զգացի այդքան անողոք սիրտ ուենալուդ համար...։ Հազիվ անցավ մի տարի. բախտը ինձանից յուր երեսը դարձուց և ապրելու տենչը մեռավ իմ սրտում... Բայց թողնենք այդ պատմությունը, նա արդեն հայտնի է քեզ։ Այո՛, երբ վիրաբույժս ինձ հայտնեց, թե շուտով պիտի մեռնիմ, փառք տվի աստծուն, որ քեզ հետ հաշտվելու պատեհ առիթը ներկայացավ։ Շնորհակալ եմ, սիրելի Աբաս, դու իմ վերջին խնդիրը հարգեցիր և բերիր ինձ հարազատ եղբոր համբույրը, որ թանկագինն է ամեն համբույրններից, որ երջանկություն է բերում աշխարհին, որ անիրավ զոհեր չէ պահանջում, որ սրբում է թշվառի արտասունքը և վշտահար սրտերը մխիթարում... Ավա՜ղ, ինչո՞ւ մարդիկ չեն գնահատում կամ շատ ուշ են ճանաչում նրան...։ Իսկ ես, ահա, դրա փոխարեն տալիս եմ քեզ այսօրվանից իմ թագն ու գահը, որ ավանդ ստացա մեր հորից. տալիս եմ քեզ այն իբրև իմ և թագուհու միակ ժառանգին... Վայելի՛ր այն աստուծո, ազգի և մեր օրհնությամբ։
Թագավորը վերջին խոսքերն արտասանելով` նայեց թագուհուն մի կարեկցական հայացքով և ապա նորեն Աբասին դառնալով շարունակեց.
-Սակայն, սիրեցյալ եղբայր, իմ թագը կրելուց և գահին բազմելուց առաջ՝ ընդունիր ինձանից նաև մի ուրիշ, թանկագին ավանդ. երդվի՛ր պահել ու խնամել նրան ամենաքնքուշ հոգատարությամբ.-այդ մեծագին ավանդը իմ թագուհի-ամուսինը և քո քույրն է, որ շատ վշտեր կրեց աշխարհում և որի բախտը կարող եմ հանձնել միայն քեզ, աշխարհի մեջ ունեցած իմ միակ հարազատին...։
Թագուհին, որ լուռ ու տխուր լսում էր արքային,