հեկեկաց և արտասուքն աղբյուրի պես սկսավ հոսել նրա աչքերից։
-Մի՛ լար, սիրեցյալ Սահանույշ, ո՛չ ոք աշխարհում չէ ապրում հավիտյան,-ասաց թագավորը խանդաղատելով։
-Մի՛ հոգար ուրեմն և իմ մասին...-պատասխանեց թագուհին՝ արտասուքից խեղդվող ձայնով։
-Ինչո՞ւ համար են այս տխուր զրույցները, տե՛ր արքա,-բացականչեց Աբասը տեղից վեր կենալով.-մի՞թե արքայական գահը կարող է ավելի սիրելի լինել ինձ, քան իմ պարտավորությունը, և թագն ու գայիսոնը կարո՞ղ են փոխարինել ինձ կորուստը, որ պիտի կրեմ իմ հարազատի մահվամբ... Օ՛ն ուրեմն, մի՛ վշտացնիր իմ սիրտը, որ լի է սիրով դեպի քեզ և ցանկությամբ՝ տեսնել իմ թագավորը նորեն յուր փառաց բարձրության վրա։ Աստված թո՛ղ երկարե քո կյանքի օրերը և ես կլինեմ քո գահի ծառան. այդ է իմ միակ տենչը, այդ կլինի և իմ պարտավորությունը...։
-Հավատում եմ քո սրտի անկեղծության և կարի վշտանում, որ այսքան ուշ սկսա վայելել քո սիրո քաղցրությունը, բայց իմ օրերը հաշված են, սիրելի Աբաս, ես պիտի հեռանամ աշխարհից... Աստված թող օրհնե և պահպանե քեզ, որպեսզի միխիթարես քո ժողովուրդը, որ այնքան շատ վշտացավ իմ թագավորության օրով։
-Քո թագավորության օրով էլ նա կմխիթարվի,-պատասխանեց Աբասը աշխուժով.-դու մեզ հետ միասին կհեռանաս այստեղից. կմտնես շուտով քո աթոռանիստը, կբազմես նորեն քո գահի վրա և մենք կաշխատենք փառքով այդ գահը շրջապատել...։
-Փառքո՞վ... վաղուց եմ ես այդ փառքի աղբյուրները ցամաքացրել,-ընդհատեց թագավորը վշտալի ձայնով։
-Ո՛չ, տեր արքա. այդ աղբյուրները չեն ցամաքել, այլ նվազել են, և այն՝ ոչ թե քո, այլ իմ հանցանքով, ուստի ինձ է մնում այդ հանցանքը քավել։
-Դու միայն մի պարտք ունիս կատարելու, այն քո արժանվոր թագավորությամբ մոռացնել տալ հայ ժողովրդիս Աշոտ-Երկաթի անունը։