Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Այդ անունն այսուհետև ավելի պիտի փառավորվի,-հարեց Աբասը վճռական ձայնով։

-Իսկ ինձ շատ օր չէ մնում ապրելու,-նկատեց թագավորը։

-Ընդհակառակը, տարիներ են մնում,-խոսեց Մարզպետունին խորհրդավոր ժպտալով։

-Իսկ դու իմ վերքը տեսե՞լ ես,-հարցրեց թագավորը։

-Ես լսել եմ քո վիրաբույժին, որի տված տեղեկությունները կարի մխիթարական են։

-Ի՞նչ կնշանակե այդ,-հարցրեց թագավորը զարմանալով։

Մարզպետունին ներողություն խնդրեց վիրաբույժի համար, որ հասարակաց օգուտն ի նկատի ունենալուց սխալ տեղեկություն է տվել արքային յուր հիվանդության նկատմամբ և հայտնեց, որ իսկապես ոչ մի վտանգ չէ սպառնում յուր կյանքին և թե շուտով կապաքինվի ինքը, եթե հաճի ելնել Սևանից և վերադառնալ Ոստան։

Թագավորը երկար ժամանակ համառում էր յուր որոշման մեջ, որ էր ապրել և մեռնել Սևանում. բայց Աբասի ու Մարզպետունու թախանձանքը և զորավոր խոսքերը, որ շատ երկար շարունակվեցին, վերջ ի վերջո համոզեցին նրան վերադառնալ յուր աթոռանիստը-Երազգավորս։

Եվ որպեսզի արքայի վերադարձը լիներ փառավոր ու հանդիսավոր, արքաեղբայրն ու իշխանը հրաման ուղարկեցին Ոստանում գտնվող իրանց զորքերին շտապել Սևան։ Նույնպիսի առաջարկությամբ դիմեցին նրանք Սյունյաց Սմբատ իշխանին։

Վերջինս ժողովեց իսկույն յուր ազատ գնդերը և մտավ Գեղարգունիք՝ ամիսներից ի վեր այդտեղ հյուր եղող արքային յուր մեծարանքը մատուցանելու։

Վահրամ սեպուհը նույնպես վերցրեց Գեղա լեռներում գտնվող յուր բանակը և Գոռ իշխանի հետ միասին շտապեց Սևան։ Նույն տեղը հասավ և Աբաս արքաեղբոր մնացորդ զորքը։ Այդպիսով միացյալ բանակի զորաց թիվը հասավ մի քանի հազարի։

Թագավորն այս պատրաստությունները տեսնելով՝ սկսավ