ուրախանալ և մխիթարվիր և այդ լավ ազդեցություն արավ նրա հիվանդության վրա։ Իսկ թագուհին չգիտեր, թե ի՛նչ բառերով արտահայտեր յուր շնորհակալիքն ու երախտագիտությունը յուր տագերն ու Մարզպետունուն, որոնք կարծես նոր կյանք էին ներշնչում թե՛ իրան և թե՛ արքային։
Մի քանի օրից ետ թագավորը թագուհու, արքաեղբոր և իշխանների հետ միասին հրաժեշտ տվավ Սևանի հյուրընկալ միաբանությանը և միացյալ բանակի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի յուր աթոռանիստ գավառը-Շիրակ։
_______
Մի շաբաթ էր, ինչ Երազգավորսը կերպարանափոխվել էր. նրա լուռ փողոցները լցվել էին աղմուկով, անցուդարձը մեծացել էր և հրապարակներում տիրում էր ժխոր։
Արքայական պալատը, որ մինչև այդ անբնակ էր, նորեն կենդանացել, հանդիսավոր կերպարանք էր առել. նրա հոյակապ դահլիճները զարդարվել էին գորգերով, թավշով ու կերպասով, կամարները պճնվել ծաղիկներով և սյունաշարերը ծածկվել գույնզգույն դրոշակապերով։ Այդտեղ այժմ տիրում էր անսովոր շարժում և դատարկ դստիկոնները լցվել էին բնակիչներով։ Իշխան Մարզպետունու կարգադրությամբ օր առաջ հասել էին Երազգավորս Գառնո դղյակում ապրող տիկնայքն ու իշխանուհիները։ Մարիամ և Գոհար տիկնանց հետ միասին եկել էր նաև Շահանդուխտ օրիորդը, հանձնելով յուր պաշտոնը Մուշեղ բերդակալին։ Երազգավորսի արքունիքում եռում էր այժմ կյանքը, ամենքը պատրաստվում էին թագավորին ու թագուհուն դիմավորելու։
Երբ նշանակված օրը հասավ, աթոռանիստ քաղաքի բնակիչներն ընդառաջ գնացին արքային մի քանի փարսախ ճանապարհ. նրանց առաջնորդում էին ազատանիները։ Իսկ պալատական տիկնանց և իշխանուհիների խումբը, որոնց գլուխ անցած էր արքաեղբոր ամուսին Գուրգենդուխտ տիկինը, սպասում էր արքային սուրբ Փրկչի տաճարում։
Վերջապես թագուհու, արքաեղբոր և հետնորդ իշխանների հետ միասին մուտ գործեց թագավորը յուր աթոռանիստ քաղաքը, որից բացակա էր ամբողջ մի տարի: Նրա մուտքն