Էջ:Muratsan, vol. 4.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Մի՞թե ես պարզ չխոսեցի... ո՛չ միայն թույլատրում, այլև խորհուրդ եմ տալիս, չպետք է բնավ հապաղել։

-Այդ իմ փափագն է, տեր արքա,-հարցրեց Մարզպետունին.-երբ Սևանում կաթողիկոսի փախուստը լսեցի և իմացա ստուգիվ, որ «բռնավորի» թելադրությամբ է խույս տվել նա, կամեցա աղաչել քեզ` ուղղել ճանապարհդ դեպի Դվին։ Մենք կարող էինք հանկարծակիի բերել հագարացիներին և մայրաքաղաքը գրավելով` վիշտ պատճառել սպարապետին։ Բայց Շիրակում սպասում էին մեզ, չկամեցա փորձության ենթարկել մեր բախտը և ժողովրդյան ուրախությունը։ Իսկ այժմ քանի որ այդ հրամանը տալիս է մեզ արքան, երկու օրից արդեն բանակը կարող ենք շարժել դեպի Ոստան։ Մնում է միայն ստանալ արքաեղբոր և Սյունյաց իշխանի հաճությունը։

-Ես պատրաստ եմ իմ զորքերով,-ասաց Աբասը վճռաբար։

-Խոսեցեք ուրեմն Սմբատ իշխանի հետ և արդյունքը հայտնեցեք ինձ,-հրամայեց թագավորը։

_________

Նույն ավուր երեկոյան՝ արքաեղբոր ապարանքում խորհրդի ժողովվեցան Մարզպետունի իշխանը, Սյունյաց տերը, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը։ Արքաեղբայրը հայտնեց ամենքին թագավորի ցանկությունը և առաջարկեց նրանց հայտնել իրանց կարծիքը առաջադրյալ խնդրի մասին։

Մարզպետունի իշխանի տված մի քանի բացատրություններից ետ՝ ամենքը միաբերան ցանկություն հայտնեցին հետևել արքայի խորհրդին և օգուտ քաղել հանգամանքների հաջողությունից։

Սմբատ իշխանը, որ երդվել էր վրեժխնդիր լինել ոստիկանին նրա երդմնազանցության համար, հավատաց, թե աստված ինքն է ներշնչել արքային այդ ցանկությունը։ Նրան ուրախացնում էր, մանավանդ, այն միտքը, թե շուտով պիտի ազատե բանտից իշխան եղբայրներին և թափե կաթողիկոսարանը մահմեդականների ձեռքից։ Այդ պատճառով հանձն