Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստված էին Դվին հարձակվելու. զորքերին, մանավանդ, վառել բորբոքել էին Աբասը մի կողմից, Մարզպետունին-մյուս կողմից։ Իսկ Գոռ իշխանիկը ժամեր էր համարում Դվնո դաշտն իջնելու համար։ Նա մտածում էր անձամբ մուտ գործել քաղաքի ներքնուղին, որի գաղտնի ելքը ծանոթ էր իրան և յուր ձեռքով տնկել հաղթության դրոշը Դվնո միջնաբերդի վրա։ Դրանից ավելի լավ հաղթության առիթ չէր կարող նա երազել. իսկ այդ հաղթության մրցանակը պիտի լիներ այն օրիորդի համբույրը, որ սպասում էր իրան Երազգավորսի արքունիքում:

Այսուամենայնիվ խորամանկ հագարացու պատգամավորությունը ի դերև էր անում քաջերի հույսը։ Շատերը նրանցից ցանկանում էին, որ թագավորը մերժե ոստիկանի առաջարկությունը և խաղաղությունը ձեռք բերե ոչ թե արաբացոց հետ բարեկամանալով, այլ նրանց յուր երկրից ընդմիշտ արտաքսելով։

Այս առթիվ, ահա, խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Բոլորն սկզբում հարձակման կողմն էին։ Բայց երբ Բաբգեն իշխանը հայտնեց, թե Նսըրը առանձին հասկացրել է իրան, որ յուր Սահակ եղբորը-թեկուզ ազատած, այսուամենայնիվ, պահում է Դվնում իբրև պատանդ և եթե թագավորը մերժելու լինի յուր առաջարկությունը և մոտենա Դվնին` զորքով յուր քաղաքը պաշարելու, առաջին օրն իսկ նա կախել պիտի տա իշխանին պարսպի աշտարակի վրա-ամենքը մնացին շվարած։

-Եղբորս կյանքը վտանգի չենթարկելու համար, գոնե, պիտի ընդունենք ոստիկանի առաջարկությունը,-խոսեց իսկույն Սմբատ իշխանը, վախենալով, կարծես, մի՛ գուցե ուրիշները հակառակ կարծիք հայտնեն։

-Դու շտապեցիր, սիրելի իշխան,-նկատեց թագավորը ժպտալով.-որքան էլ մեր զորքի և իշխանների պահանջը Դվին հարձակվելու նկատմամբ իրավացի է, այսուամենայնիվ ես ավելորդ մի զինվոր չեմ զոհիլ այնպիսի ժամանակ, երբ թշնամու բարեկամությունը հնարավոր է ձեռք բերել խաղաղությամբ։ Թեպետ մեր ուժը գերազանց, թեպետ հանգամանքները նպաստավոր, այսուամենայնիվ մենք չենք կարող