Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դվինը գրավել, առանց գոնե մի քանի հարյուր զինվոր զոհելու. իսկ այդ զոհերը մենք պիտի խնայենք, քանի որ առանց այն էլ բավական շատ ենք զոհել... Սկզբում, ճշմարիտ է, անհաճո տպավորություն արավ ինձ վրա ոստիկանի պատգամը, բայց այդ այն պատճառով, որ ես էլ վարակված էի ձեր ոգևորությամբ: Իսկ հետո սկսա լրջությամբ կշռել և եկա այն համոզման, թե ավելի լավ է Դվնո տիրապետ թողնել ամիրապետի ոստիկանին, քան թե նրան հալածելու համար զոհել մի քանի հարյուր հոգի։ Արդ, եթե հասարակ զինվորների նկատմամբ այս մտածմունքն է մեզ առաջնորդում, որքան ևս առավել զգուշությամբ պիտի հոգանք քո եղբոր և իմ հարազատի համար, որ սիրելին է թե՛ մեր արքունյաց և թե՛ համայն սյունեցոց և որի կյանքն այս րոպեիս գտնվում է գազան հագարացու ձեռին։ Այս պատճառով, ահա, ես որոշում եմ ընդունել ոստիկանի առաջարկությունը և բարեկամության դաշն կռել նրա հետ։ Այնուհետև, եթե մեզ ազատ ժամանակ կմնա, կզբաղվենք մեր երկրի ներքին շինությամբ, մինչև որ մի օր բախտը կհաջողե Սահակ իշխանին ևս ոստիկանի ձեռից փրկելու։

Թագավորի որոշումը սիրով ընդունեցին ամենքը, իսկ Սյունյաց իշխանները սրտագին շնորհակալություն արին նրան` իրենց եղբոր նկատմամբ ունեցած խնամոց համար։

Ներկա եղողների մեջ դժգոհ էր միայն Գոռ իշխանիկը, որովհետև արքայի որոշումը խլում էր նրանից այն փառքը, որ նա հույս ուներ ձեռք բերել Դվնո առման ժամանակ։ Այդ բանը նկատեց թագավորը և ժպտալով դարձավ յուր խորհրդականներին.

-Ձեզանից ո՞վ կարող է առաջարկել ինձ մի միջոց, որով կարողանանք փոխարինել Գոռ իշխանին այն կորուստը, որ նա կրում է այս հաշտությամբ։

-Ես, տե՛ր արքա,-բացականչեց Վահրամ սեպուհը։

-Խոսի՛ր, սեպուհ, ես շնորհապարտ կմնամ քեզ,-ասաց թագավորը շարունակ ժպտալով։

-Մի քանի ամիս առաջ, տե՛ր արքա, մենք Գառնիում օրհնեցինք Գոռ իշխանի և քո հոգեդուստր օրիորդ Շահանդուխտի նշանադրությունը։ Մենք պայման դրինք` այն ժամանակ