Էջ:Muratsan, vol. 4.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պսակել նրանց, հենց որ հագարացիք հեռանան մեր երկրից և խաղաղությունը տիրե։ Այդ պայմանը, ահա՛, լրումն առավ այսօր, թեպետ հագարացիք դեռ չեն հեռացել Հայաստանից, բայց միևնույն է, նրանց ուժն արդեն խորտակված է, քանի որ իրանք են հաշտություն խնդրում մեզանից. ուրեմն հասել է պսակի ժամը։ Հրամայի՛ր մեզ հարսանյաց տոնախմբություններն սկսել և դրանով մեր իշխանի կորուստը կփոխարինվի։

-Կեցցե՛ս, սեպուհ, ավելի իմաստուն առաջարկություն անկարելի էր անել.-բացականչեց թագավորը.-վաղուց մեր արքունիքը կարոտ էր ուրախության։ Թո՛ղ ուրեմն վաղվանից ամեն ինչ պատրաստվի։ Սյունյաց օրիորդի հարսանյաց, ի դեպ, կմասնակցեն օրիորդի հորեղբայրները և Սյունյաց քաջերը։

Մարզպետունի իշխանը վեր կացավ տեղից և շնորհակալություն արավ արքային յուր այդ ուրախարար հրամանի համար. իսկ Գոռը, որ ամոթխածությունից շառագունել էր բոլորովին, ծնկան եկավ և թագավորի ձեռը ջերմությամբ համբուրեց։

Հետևյալ առավոտ հաշտության դաշնագիրը գրվեցավ, որ թագավորը կնքելով հանձնեց ոստիկանի պատգամավորներին, տալով նրանց նաև զանազան ընծաներ՝ Դվնո ոստիկանին տանելու համար։

Իսկ մի քանի օրից ետ, Ամենափրկիչի հոյակապ տաճարում, որ կառուցել էր Սմբատ թագավորը, մեծ հանդիսով ու շուքով կատարվեց Գոռ իշխանի և Շահանդուխտ օրիորդի ամուսնության պսակը։ Այդ հանդիսին ներկա էին թագավորը, թագուհին, բոլոր արքայազունները և համայն իշխանապետական դասակարգը։ Գառնո ամրոցում արած խոստման համաձայն՝ նորապսակների խաչը բռնեց Վահրամ սեպուհը, որ այդ օրը յուր հանդիսական զեն ու զարդի մեջ նմանում էր մի հոյակապ դյուցազնի։

Ինչ վերաբերում է Գոռ իշխանին և Շահանդուխտ օրիորդին, նրանք արդեն բոլոր համախմբված քաջերի և գեղեցկուհիների անզուգական պսակն էին կազմում։

Մի քանի օր շարունակ տևեցին հարսանյաց տոնախմբությունները։