Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ներողամիտ եմ լինում միշտ դեպի ամեն մարդ, որ հանցանք է գործում իմ դեմ:

-Բայց մի՞թե չկա հանցանք, որին անկարելի լիներ ներել, որի համար մարդկանց սյունից կախեին, կրակում այրեին, ջրահեղձ անեին...

-Ինչպե՞ս չէ, կա։

-Ո՞րն է այդ. ասա՛... Ասա՛, իշխան, կամենում եմ լսել...

-Հայրենիքի դեմ արած դավաճանությունը։

-Միայն ա՞յդ։

-Միայն այդ հանցանքն է, որին չէ կարելի ներել։

-Իսկ եթե դավաճաներ քեզ քո սիրած... Բայց ի՞նչ եմ խոսում. մի՞թե կարող ես դու ինձ հասկանալ... Ահա ինչու համար էի ասում, թե մեր վշտերը կմեղմանային եթե ընկեր մարդիկ կարողանային նրանց էությունն ըմբռնել։

-Խոսի՛ր, տեր սեպուհ, ես կարող եմ հասկանալ։

-Կարո՞ղ ես... Դե ասա՛, ի՞նչ կանեիր, եթե հանկարծ իմանայիր, ներիր համարձակությանս, թե Գոհար իշխանուհին դավաճանել է քեզ... Մի` դատիր քո այժմյան սրտով, դարձի՛ր դեպի քո անցյալը, երիտասարդացի՛ր, հիշիր այն խանդն ու կրակը, որ վառել, բորբոքել է քո սիրտը...։

-Չգիտեմ, այդ վիշտն անծանոթ է եղել ինձ։

-Անծանո՞թ է եղել... Օ՜, որքա՜ն ուրեմն երջանիկ ես դու. և ահա՛ այդ է պատճառը, որ Մարզպետունյաց տերը մաքուր խղճով, խաղաղ սրտով յուր տան շինության և հայրենյաց փառքի համար է աշխատել, մեծ հայրենասերի հռչակ է ստացել, իսկ Ցլիկ- Ամրամը, որի սիրտը պակաս չի բաբախել հայրենյաց սիրո համար, դարձել է մի մատնիչ, դավաճան... Այո՛. եթե մի ժամ, մի վայրկյան դու կարողանայիր ըմբռնել այդ վշտի էությունը, այն ժամանակ կհասկանայիր, թե ինչո՛ւ ես նրան աշտարակում փակեցի... նրան, իմ Ասպրամին, որին սիրում էի այնպես, ինչպես որ չէին կարող սիրել տասն անգամ տասը սրտեր միասին... Այո՛, փակեցի նրան աշտարակում, բայց եթե գիտենայիր, թե որքա՜ն տանջվում էի ես` տեսնելով նրան զուրկ արևի ջերմությունից, սիրո խնամքներից, մեն-մենակ յուր վշտերի հետ... Քանի՜-