Էջ:Muratsan, vol. 4.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր նիզակակցի հետ միասին, զորքերի գլուխ անցնելով՝ դիմեց ամենից աոաջ Փանասկերտի վրա։ Ամրոցի վերակացուն, համաձայն իշխանի հետ դրած պայմանի, բերդն ու ավանը հանձնեց նրա ձեռը։

Իշխանը վերակացուին հաստատեց նորեն յուր պաշտոնի մեջ և թողնելով նրա մոտ պահակների մի խումբ՝ ինքը յուր բանակով հառաջացավ դեպի Ուտիք, ուր գտնվում էին ափխազաց զորքերը։

Եվ որովհետև Ուտիքում անխուսափելի էր հակառակորդների ընդհարումը, ուստի իշխանը կանխավ սուրհանդակ ղրկեց թագավորին, խնդրելով նրան՝ օգնական զորք հասցնել իրան Արարատյան Բասենի վրայով։ Մարզպետունին հաշվում էր, որ եթե նոր գնդերը Բասենից մտնեին Տայք, ինքը նրանց կհանդիպեր Ճորոխի ակունքների մոտ, որտեղից և միասին կառաջանային դեպի Ուտիք։

Բայց հազիվ նա յուր սուրհանդակը ճամփեց և ահա Ոստանից հասավ մի բանբեր, որ Աբաս մեծ իշխանի կողմից հանձնեց իրան մի նամակ։

Կարդալով արքաեղբոր գրությունը, իշխանն այլայլվեց։ Աբասը հայտնում էր, որ թագավորն անհուսալի հիվանդ է, ուստի խնդրում էր իրան՝ շտապել դեպի Ոստան։

-Մի չար ոգի հալածում է մեզ.-ասաց իշխանը յուր նիզակակցին։-Դու մնա՛ այստեղ քո գնդերով և պահպանի՛ր գրաված նահանգների սահմանը, մինչև որ ես երթամ Ոստան՝ տեսնելու թե ուրիշ ինչ չարիքների դեմ պիտի պատրաստվենք մաքառելու։

-Գնա՛,-ասաց սեպուհը.-ես ետ կնահանջեմ դեպի Փանասկերտ՝ բանակը հարձակումից ապահովելու համար։ Բայց հենց որ կարիք զգաս իմ օգնության, սուրհանդակ ղրկիր ինձ իսկույն և ես անմիջապես կիջնեմ դեպի Շիրակ։

Մարզպետունին շնորհակալ եղավ սեպուհին յուր պատրաստակամության համար և հրաժեշտ տալով նրան՝ մի վաշտ թիկնապահների ուղեկցությամբ իջավ դեպի Բասեն և այնտեղից Շիրակ։

Երբ Մարզպետունին մտավ Երազգավորս, թագավորն