Էջ:Muratsan, vol. 4.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայեց յուր շուրջը։ Նա տեսավ սնարի մոտ՝ վշտահար թագուհուն և նրա հանդեպ Աբաս եղբորը։

-Ահա՛ ես հեռանում եմ,-շարունակեց նա ավելի նվազ ձայնով,-շուտով պիտի խորասուզվիմ անհայտության ծովի մեջ... ձեզ է մնում կյանքը յուր չարիքներով և հրապույրներով... աշխատեցեք վայելել նրան իմաստնաբար և չնմանիլ ինձ, չվատնել այն անօգուտ...։ Քեզ եմ թողնում իմ գահը, սիրեցյալ Աբաս, քե՛զ եմ թողնում և հայրենիքը ցավերով ծանրաբեռնված...։ Ժառանգիր առաջինը և խնամող եղիր վերջնույն... Դու բախտավոր ես ընտանյաց մեջ, բախտավոր կլինիս և թագավորությանդ մեջ... զի ով օրինավոր հայր է որդվոց, նա կլինի և օրինավոր հայր յուր հպատակաց...։ Իսկ քեզ, իմ ապաբախտ թագուհի, թողնում եմ միայն վիշտ, հեծություն և դառն հիշատակներ... Կցանկայի, որ մոռանայիր ինձ. չհիշեիր իմ անունն ու գործերը... բայց ավա՜ղ, այդ անհնարին է քեզ... գոնե չանիծեի՜ր ինձ, չանիծեիր քո թշվառ ամուսնուն ու թագավորին... զի գեհենում կրկնապատիկ պիտի տանջվիմ, եթե քո անեծքը հասնե հավիտենականի աթոռին...։

Մի երկու օրից թագավորը վախճանվեց։ Արքայի բժիշկը հաստատում էր, թե նա մեռավ յուր հին վերքի ցավից։ Այդպես էլ հավատում էր ժողովուրդը։ Բայց արքունիքում պնդում էին, թե նրա վախճանն արագացրեց Ասպրամ իշխանուհու ինքնասպանությունը։ Թշվառ թագավորը չէր կարողացել տանել խղճի անողոք խայթերը. մեռած զոհի ոգին և կենդանի թագուհու արտասուքը հալածում էին անվերջ և ահա՛ նա որոշեց մեռնել... Բայց ոչ ոք չիմացավ, թե ո՛ր հրեշտակի ձեռքը մահ բերավ նրան...:

Ջ

ՀԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐԸ

Արքայի մահվան լուրը արագությամբ տարածվեց ամեն տեղ։ Հայոց իշխաններն ու նախարարազունները, յուրաքանչյուրը