յուր պահանորդ գնդով, փութացին Երազգավորս` ներկա լինելու թագավորի հուղարկավորության։
Այստեղ էին Բագարանի տեր Աշոտ բռնավորը, Վասպուրականի արքայորդին` Աշոտ-Դերենիկը, Տուրուբերանի իշխանները, Աղձնայց տերը, Մոկաց նահապետը, Սյունյաց իշխանները, Աղվանից սեպուհը, Գարդմանա տեր Դավիթը և ուրիշ շատ մանր իշխաններ ու կողմնապետներ։ Ներկա չէր միայն Վահրամ սեպուհը, որովհետև նա հսկում էր Հյուսիսային նահանգներին։
Վասպուրականի արքայորդու հետ միասին եկել էր նաև Թեոդորոս կաթողիկոսը (այդ ժամանակ Ստեփաննոսը վախճանած լինելով` նրա տեղ Աղթամարում նստում էր վերջինս)։
Թագավորի մարմինը, որ պետք է ամփոփեին Բագրատունյաց պայազատների քնարանում, այն է` Բшգարանում, դուրս բերին Երազգավորսից հանդիսավոր շքեղությամբ։ Արքայական դագաղը, որ շինված էր անփուտ փայտից, զարդարել էին ոսկով ու արծաթով։ Նա դրված էր ոսկեզօծ պատարագի վրա, որ կրում էին վեց սպիտակ ջորիներ։ Դիակիրը ծածկված էր ոսկեճամուկ դիպակներով և ոսկեթել վառերով, որոնք արևի առաջ փայլում էին ինչպես մի ոսկեղեն զանգված։ Դագաղի առաջից գնում էր կաթողիկոսը` շրջապատված գահերեց եպիսկոպոսներով, վարդապետներով և երգեցիկ քահանաների ու դպրաց խմբերով։ Դագաղին հետևում էին` արքաեղբայր Աբասը, նստած սևասքող նժույգի վրա և շրջապատված դրանիկներով, ապա Սահականույշ թագուհին և Գուրգենդուխտ տիկինը, նստած սգազարդ պատգարակի մեջ և շրջապատված պալատական տիկնանց ու իշխանուհիների խմբով։ Սրանց հետևում էին Աշոտ բռնավորը, Աշոտ-Դերենիկը և մյուս իշխանները` ավագության կարգով։ Ապա լացող գուսանների խումբը և շեփոըավոր երաժիշտները։
Դրանցից հետո բերում էին արքայական ոսկեսար նժույգները` ծածկված սգավոր շղարշներով։ Ամենից վերջը գալիս էին արքայական զորախմբերը, որոնք էին` Արարատյան, Դրանիկ և Սեպուհ կոչված գնդերը, Բասենյան վաշտը, Ոստանիկների խումբը, Ազատաց գումարտակը,