Աբասն ու Մարզպետունին շահավոր գտան այս առաջարկությունը և իսկույն էլ իրանց համաձայնությունը հայտնեցին Գագիկին։
Այն ժամանակ վերջինս սուրհանդակներ ղրկեց Հայաստանի նահանգներն ու գավառները և հրավիրեց հայոց րոլոր իշխաններին ու նախարարներին փութալ յուր ոստանը՝ Վան, և թագավոր պսակել Աբասին Բագրատունյաց գահի վրա։
Եվ որովհետև «բռնավորի» դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և գրգռել ամենքին, ուստի իշխանները, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին Վան՝ հայոց գահի պայազատին իրանց բարեկամության ու հարգանաց հավաստիքը մատուցանելու։
_________
928 թվականի գարունն էր։ Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով։ Սիփանն ու Վարագը, Արտասն ու Գրգուռը՝ թեպետ դեռ ձյունապատ՝ բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը։ Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ։
Բայց ամենից ավելի ակնապարար պատկեր էր ներկայացնում ծովի արևելյան ափը, ուր բարձր դիրքի վրա, իբրև պերճապաճույճ թագուհի, բազմած էր Շամիրամա գեղեցիկ դաստակերտը։ Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր երկայնանիստ մի քարաբլուր, որ արևելքից դեպի արևմուտք ձգվելով և անշեղ ու միապաղաղ դեպի վեր բարձրանալով՝ ներկայացնում էր բնության մի գեղեցիկ հրաշակերտ, որին սակայն մարդկային ձեռքը դարձրել էր հզոր և ահարկու։ Նրա քարեղեն սրտի մեջ ծածկված էին բազմաթիվ գաղտնարաններ՝ փորված անհիշատակ ժամանակներից, որոնք ծառայում էին քաղաքը տիրապետողի բազմազան պետքերին, ոմանք իբրև գանձարան, ոմանք իբրև զնդան և ոմանք իբրև փրկության ապաստանարան։ Տիտանական այդ զանգվածի վրա ամբառնում էր Վանա անմատչելի բերդը, որ հյուսիսային ու արևմտյան կողմերից պատած էր մի քանի