Էջ:Muratsan, vol. 4.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգ պարիսպներով ու մարտկոցներով, իսկ մյուս երկու կողմերից ապահովված միապաղաղ ժայռերի բնական պատնեշներով։ Բերդի հարավային կողմից ընկած էր քաղաքը, որ աջ ու ձախ տարածվելով` գրավում էր քարաբլրի ստորոտը բազմաթիվ շինություններով, նրանց մեջ աչքի էին ընկնում հոյակապ ապարանքներ, սյունաշար սարավույթներ և վիմարդյան եկեղեցիներ ու մատուռներ։ Այդ ամենի վրա յուր ընդարձակությամբ ու հոյակապությամբ իշխում էր Գագիկ թագավորի արքունիքը, որը զարդարված էր կամարակապ պատշգամներով, սյունազարդ սարավույթներով և ոսկեզօծ ու դրվագազարդ դահլիճներով։ Բազարի փողոցները հովանավորում էին սաղարթախիտ ծառեր, որոնց ոռոգում էին սրբատաշ քարերի միջով հոսող բազմապտույտ առուներ։ Այդ բոլորի շուրջը պատում էր հզոր կրկնապարիսպը լայնադիր աշտարակներով, իսկ դրանց ամենին փակում էր ընդարձակ խրամը։

Բայց բնության գեղեցկագույն հարստությունը վիճակված էր քաղաքի արևելյան մասին, որտեղից սկսված տարածվում էր ընդարձակ ծառաստան, որ կազմված էր զվարճալի պարտեզներից ու այգիներից և ոռոգվում էր քաղցրահամ աղբյուրներով ու առուներով։

Եվ ահա՛ գարնանային գեղազվարճ օրերին Արծրունյաց այս հոյակապ ոստանն էին ժողովվում հայոց տոհմական իշխանները, նախարարները և սեպուհները՝ իրանց ազնվազարմ ընտանիքներով և պահանորդական խմբերով։ Այստեղ եկավ և կաթողիկոսը Աղթամարի գահերեց միաբանների հետ։ Ամենից վերջը հասավ Աբասը՝ յուր դրանիկներով ու ազատանիներով, Գուրգենդուխտ տիկինը՝ յուր իշխանուհիներով ու նաժիշտներով և Մարզպետունի իշխանը՝ Արարատյան թագավորության զորախմբերով։

Աշոտ-Դերենիկը դիմավորեց Աբասին Արծրունյաց տոհմի պայազատների և Վասպուրականի իշխանների հետ և ողջունելով նրան Տոսպա սահմանի վրա, մեծ պատվով ու փառքով առաջնորդեց դեպի Վան-յուր հոր՝ Գագկա արքայանիստը։

Քաղաքի դռների մոտ դիմավորեց գահաժառանգին