Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնելով չխանգարեն իրանց։ Հայոց զորախմբերը, որոնք դիմեցին հիշյալ ճանապարհները` Վահրամ սեպուհի, Սմբատ իշխանի և Մոկաց տիրոջ առաջնորդությամբ, պատահելով հագարացի պահակախմբերին, հարձակվեցան նրանց վրա և քիչ կամ շատ կոտորած անելուց ետ՝ նրանց մի մասը հալածեցին դեպի Ատրպատականի կամ Կորդվաց կողմերը և մյուսը գերելով՝ բանակը բերին։

Աշոտ բռնավորը, որ խոստացել էր յուր զորքերով օգնել ոստիկանին, լսելով Աբաս թագավորի` յուր դաշնակիցների հետ միասին Դվին հասնելը, այլև նրա զորքերի տարած քանի մի հաղթությունները, ոչ միայն ետ կացավ Նսըրին օգնելուց, այլև յուր զորքերը Բագարան ժողովելով` ինքը ևս ամրացավ այդտեղ։

Իսկ Աբաս թագավորը Դվնո հաղորդակցություններն ամեն կողմից կտրելուց ետ՝ խորհրդի հրավիրեց յուր իշխաններին՝ որոշելու համար, թե ինչ եղանակով սկսեն հարձակումը։

Գևորգ սպարապետը, որ թանկ էր գնահատում հայ զորականի կյանքը, խորհուրդ տվավ թագավորին՝ ամենից առաջ Նսըրին առաջարկել քաղաքը հանձնել իրանց առանց պատերազմի։

-Եթե նա կհոժարվի, բարի, եթե ոչ, այն ժամանակ մենք մեր հարձակումը կսկսենք,-ասաց սպարապետը։

-Այո՛, եթե նա իմանա, թե ինքը զուրկ է ամեն ձեռնտվությունից, գուցե չվստահանա գրգռել մեր զայրույթը և այդ հանգամանքը հավասարապես շահ կբերե թե՛ մեզ և թե՛ իրան,-ավելացրեց Սմբատ իշխանը։

Արքային հաճո թվեցավ այս առաջարկությունը, և դաշնակից իշխանները ևս համակերպեցան նրա հետ։

Նույնիսկ այդ օրը Աղձնյաց նահապետը մի քանի ազատանիների ընկերակցությամբ դիմեց Դվին՝ ոստիկանի հետ խոսելու։

Նսըր ամիրան պատվով ընդունեց նրան յուր ապարանքի շքեղ դահլիճներից մինում և հաճություն հայտնեց լսել հայոց թագավորի պատգամը։

-Աբաս արքան հրամայեց ինձ ասել մեծափայլ ամիրային,