Էջ:Muratsan, vol. 4.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-խոսել սկսավ նահապետը,-թե Դվինը հայոց աշխարհի մայրաքաղաքն է, թե նրան հիմնել և տիրել են հայոց թագավորները, և թե վերջին տարիներում իսկ նա պատկանել է հայ իշխանապետության։ Ամիրապետի ոստիկանները կարող էին նստել այդտեղ` իբրև երկրի շահաստանում և գանձել ամիրապետի հասույթները։ Բայց նրանք իրավունք չունեին նրան գրավելու և նրա միջոցով էլ երկրի ազատության վրա բռնանալու, ըստ որում այդ երկրի կառավարը հայոց թագավորն է, իսկ ժողովրդի ազատության տերը՝ ինքը ժողովուրդը։ Յուսուփը և նրա նախորդները անիրավ հափշտակությանց հետ միասին՝ հաճախ բռնացել են նաև Դվնո վրա։ Բայց այդ պատահել է այն ժամանակ, երբ հայոց իշխանները անջատվել են իրանց թագավորից և կամ վատաբար դավաճանել են նրան։ Իսկ այժմ որովհետև հայ իշխանները միացած են ինձ հետ և իմ զորքերը հավատարիմ են ինձ, ուստի ես զորավոր եմ և հենց այդ պատճառով էլ թույլ չեմ տալ, որ Յուսուփի հաջորդը գնա նրա շավղով կամ թե բռնանա իմ ժողովրդի վրա: Չհիշելով անգամ այն, որ Նսըր ամիրան բարեկամության ուխտ է դրել հանգուցյալ արքայի հետ և վերջը դրժելով յուր ուխտին՝ աջակցել է հայոց գահի դեմ լարած դավաճանության... չհիշելով այն` որ նա անիրավաբար հափշտակել է հայոց կաթողիկոսարանը և կաթողիկոսի աթոռը տարագրել Ոստանից, որի համար ես իբրև իմ եկեղեցվո պաշտպանը պարտավոր էի արժանավոր հատուցումն անել նրան, այնուամենայնիվ, չկամենալով արյունհեղության պատճառ դառնալ, ես առաջարկում եմ ոստիկանին խաղաղությամբ հանձնել ինձ իմ քաղաքը, որից ետ և ես կթույլատրեմ իրան ազատ ապրել յուր ապարանքում։ Հակառակ դեպքում, եթե ես Դվինը գրավեցի ուժով, այն ժամանակ թող ոստիկանը իմանա, որ առաջին օրն իսկ բնաջինջ կանեմ թե յուր զորախմբերը և թե՛ Դվնո բոլոր ամիրաներին, որոնք կալվածներ ունին Ոստանում և ապարանքներ՝ Դվնո հրապարակների վրա... Բացի այս, ես չեմ խնայիլ նույնիսկ իրան՝ ոստիկանին։ Եվ այս ամենն անելով հանդերձ՝ ես թշնամացած