չեմ լինիլ ամիրապետին, այլ պատժած միայն նրա գործակալին, որ անխոհեմությամբ խռովում է իմ երկիրը...։
Ոստիկանը, որ սկզբում խաղաղ սրտով ականջում էր պատգամավոր իշխանին, վերջին խոսքերը լսելուն պես վեր թռավ տեղից և հուզված բացականչեց.
-Քո այդ նոր թագավորն ավելի հանդուգն է քան յուր նախորդը...։ Ասա՛ նրան, որ ես չեմ ընդունում հաշտության ո՛չ մի պայման և որ ես իրավունքով տիրում եմ այն քաղաքին, որ երկու հարյուր տարի սրանից առաջ գրավել է արաբական սուրը։ Թո՛ղ հառաջ վարե նա յուր զորքերը և ուժով գրավե այս քաղաքը, եթե կարող է։ Բայց միևնույն ժամանակ թո՛ղ չմոռանա, որ նա կռվում է արաբացոց երկնափառ ամիրապետի և ոչ թե նրա ոստիկանի հետ...։
Պատգամավոր իշխանը վերադարձավ յուր հետևորդների հետ և հայտնեց արքային Նսըրի պատասխանը։
-Լավ ուրեմն, մենք մեր պարտքը կկատարենք և ցույց կտանք այդ հագարացուն, որ ամիրապետի անունով տրված սպառնալիքները չեն կարող ո՛չ մեզ վախեցնել և ոչ էլ մեր իրավունքները շղթայել,-ասաց թագավորը և ապա հրամայեց սպարապետին հարձակման պատրաստությունները տեսնել։
Երազգավորսից հետզհետե բերում էին պաշարման վերաբերյալ գործիներ և պարսպահար մեքենաներ, որպիսիք էին` խոյեր, բաղիստրներ, բաբաններ, հրացան պարսեր և երկաթե զանազանակերպ սանդուղքներ, բարձած բազմալուծ սայլերի վրա։ Այդ ամենը պատրաստել էր տվել Մարզպետունի իշխանը դեռևս արքայի՝ Վասպուրականում եղած ժամանակ։ Նրա հրամանակատարները, որոնք ռազմական մեքենագործության հմուտ վարպետներ էին և որոնք այդ բոլորը պատրաստել էին կատարյալ եղանակով, այժմ էլ բանակում զբաղված էին նույնպիսի աշխատությամբ։ Նրանք կառուցում էին փայտե շարժական աշտարակներ կամ եռհարկ մարտկոցներ, որոնց պետք է մոտեցնեին քաղաքի պարիսպներին` նրանց քանդելու կամ այդ մարտկոցներից քաղաքով մտցնելու համար։
Բայց որովհետև մեքենաները պարիսպին մոտեցնելն