հրդեհից ազատ անջրպետներում հայերն անմիջապես սանդուղքներ դրին և սկսան բարձրանալ պատնեշների վրա և այդտեղից էլ մտնել մարտկոցները։
Արաբացիք այդ տեսնելով` սաստկապես հարձակվեցան խիզախողների դեմ. բայց վերջիններին շարունակ հետևում էին ուրիշ խմբեր։ Չնայելով որ կրակի ջերմությունն ու ծուխը խեղդում էին մարդկանց, այսուամենայնիվ մարտկոցների վրա տեղի ունեցավ կատաղի ընդհարում։ Հայերն ու արաբացիք կռվում էին ինչպես վագրերի ոհմակներ, մի կողմից հանդուգն հարձակումը, մյուս կողմից հուսահատ ընդդիմությունը` կռիվը դարձրել էին զարհուրելի, սրեր էին, որ հարվածում էին, նիզակներ` որ շամփրում էին, վահաններ` որ ջախջախվում էին և դիակներ` որոնք աշնան տերևների պես մարտկոցների բարձունքից թափվում էին աջ ու ձախ։ Եվ սակայն քաջերը քաջերի պատահելով` երկու կողմերն էլ մնում էին անպարտելի։
Բայց որովհետև ընդհարման կետերում արաբացիք հետզհետե նվազում էին և հայերը, ընդհակառակը, բազմանում, այդ պատճառով առաջինները վերջ ի վերջո նահանջեցին։ Հայերը տիրեցին հառաջապահ մարտկոցներին և անցան կրկնապարիսպը։ Այդտեղ խռնվող հայերի և անջրպետը պաշտպանող արաբացիների մեջ դարձյալ փոթորկեց ընդհարումն։ Երկու կողմից էլ կոտորած եղավ, բայց որովհետև հագարացիք նոր օգնություն չստացան, ուստի այստեղ էլ նրանք պարտություն կրեցին։ Հայերը գրավեցին կրկնապարիսպի տարածությունը և սկսան քանդել նրա պատվարները և հետզհետե լցնել խրամի մեջ։
Այս անսպաս հաջողությունը, որ ուրախություն պատճառեց թե՛ թագավորին և թե՛ դաշնակիցներին, ստիպեց նաև Մարզպետունուն գոհ լինել տարած հաղթությամբ և զորքի ուժը խնայելու համար` հարձակումը դադարեցնել։
Զորքի մեծ մասը վերադարձավ բանակ, իսկ մյուսը դեռ աշխատում էր կրկնապարիսպի վրա։ Երեկոյան դեմ բավական մեծ տարածություն նրանք փլել, հատակել էին և դրա հետ միասին խրամը լցրել, այնպես որ հետևյալ օրը հայերը