Էջ:Muratsan, vol. 4.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող էին մոտեցնել ներքնապարիսպին ոչ միայն մեքենաները, այլև փայտակերտ մարտկոցները։

Բայց որովհետև հայերի ունեցած կորուստն էլ աննշան չէր, ուստի արքայի հրամանով երկրորդ հարձակումը մի քանի օր ուշացրին։ Այդ բոլոր ժամանակ փայտահարները զբաղված էին Դվնո անտառում ծառեր կտրելով, խռիվ պատրաստելով, որոնց մի մասը բերում լցնում էին խրամի մեջ, որպեսզի, որքան կարելի էր, մեծ տարածություն ծածկեն ու հատակեն, իսկ մյուսը դիզում էին պարիսպների առաջ, որպեսզի ժամանակին հրդեհեն նրան։

Մի քանի օր անցնելուց ետ` թագավորն ու իշխանները որոշեցին երկրորդ հարձակումն սկսել։ Դրա համար վաղ առավոտվանից սկսան առաջ վարել պարսպահար մեքենաները։ Խոյերն ու էշ կոչվածները, որոնցով զբաղվում էին ավելի քիչ մարդիկ և որոնցով միայն խրամատներ պիտի բացվեին, մոտեցնում էին պարիսպներին։ Ծանրաշարժ բաբանները, որոնց սպասավորում էին հարյուրավոր հոգիք և որոնցով ահագին ռումբեր էին նետում պատվարները փլցնելու համար, կանգնեցնում էին աշտարակների առաջ։ Թեթև բաղիստրները, որոնք խոյերի ու բաբանների նման պատսպարաններ չունեին, և որոնցով երկարաբուն նետեր կամ սվիններ պիտի արձակեին, շարում էին պարիսպներից բավական հեռու, որպեսզի պարիսպից տեղացող նետերը չհասնեին նրանց։ Իսկ փայտակերտ մարտկոցները, որոնց թիվը շատ չէր, բայց որոնք իրանց հզոր կազմությամբ ամենաապահով պատնեշներն էին պաշարողների համար, կանգնեցնում էին բուրգերի հանդեպ, որտեղից կարող էին կամուրջներ ձզել դեպի այդ բուրգերը, զորքեր փոխադրել նրանց վրա և կամ ներքին հարկում հարմարեցրած խոյերով բուրգերը խրամատել։ Այդ մարտկոցներն առաջանում էին ճռնչալով ու դանդաղելով, թեթևներն անիվների վրա, իսկ ծանրաշարժները գլանների օգնությամբ։

Այդ պատրաստությունները, որոնք մի քանի օր տևեցին, հաճախ խանգարում էին պաշարյալները` մերթ հախուռն նետաձգությամբ և մերթ պարսատիկներից քար ու կրակ տեղալով։ Թեպետ այդ բոլորից հայ զորականը չէր վնասվում,