Էջ:Muratsan, vol. 4.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որովհետև գործում էր զգուշությամբ և շարունակ պաշտպանվելով, այսուամենայնիվ գործը դանդաղում էր բավական։

Յուրաքանչյուր երեկո սպարապետի հրամանով զորքերը մոտենում էին պարիսպներին, որպեսզի գիշերվա պահուն արաբացիք վնաս չհասցնեին մեքենական պատրաստությանը։ Նրանք այդ կարող էին անել պարիսպներից իջնելով և դյուրավառ նյութերով մեքենաները կրակելով։

Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, թագավորը հրամայեց զորքերն առաջ վարել։

Մայիսյան առավոտ էր. մինն այն օրերից, որ զվարճալի է կացուցանում Դվնո շրջակայքը, քանի չէ ծագել արևը, բայց որ շուտով այրում ու մրրկում է նրա դաշտը, երբ արևը կանգնում է երկնակամարի վրա։

Հայոց զորքերը նոր էին սկսում ելնել բանակից և դաշնակից իշխանները նոր սկսել էին քննել իրանց հարձակման դիրքերը, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե Արտաշատի մեջ խլրտումն է սկսվել և զորքերը միջնաբերդից իջնում են դեպի քաղաք։ Այդ նշան էր, թե արաբացիք պատրաստվում են դաշտն իջնելու։

Դվնո հրամանատարները որոշում էին արել անսպաս հարձակվել հայերի վրա և այն` երկու կողմից, այն է` Դվնո և Արտաշատու։ Դվնեցիք առջևից պիտի հարձակվեին, իսկ արտաշատցիք` ետևից։ Այս կարգադրությունը մեծ հաջողություն կունենար, որովհետև հարձակման համար ընտրել էին ամենահաջող միջոց. այսինքն` այն վայրկյանը, երբ հայերը կսկսեին բանակատեղը ձգել և պատնեշներից ելնելով դիմել դեպի Դվին։ Այդ ժամանակ նրանք հույս չունենալով հանդիպել որևէ հարձակման ավելի անհոգ և անպատրաստ կլինեին. ըստ որում կռիվը դեռ պիտի սկսեին մի օր հետո։

Սակայն այս ամենը գուշակեց սպարապետը և հրաման արավ զորքին բանակից ելնել կատարյալ պատրաստությամբ։ Բացի այդ, նա կարգադրեց, որ Մոկաց իշխանն ու Վահրամ սեպուհը իրանց գնդերով վերջինը ելնեն բանակից և հետևապես զգուշանան, որ Արտաշատու կողմը որևէ խլրտումն տեսած ժամանակ` իսկույն իրանցից անջատվին և