Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարձակվին նրանց վրա։ Մյուս հառաջապահ գնդերը՝ ամենայն ապահովությամբ կարող էին շրջափակել իրանց մեջ արաբացիներին, եթե նրանք հանդգնեին ելնել Դվնից։

Սեպուհն ուրախությամբ լսեց այդ կարգադրությունը և նորեն հղացավ մի հանդուգն միտք. այն է՝ Արտաշատից ելնողներին աստուծո օգնությամբ վանելուց ետ, թափանցել, մուտ գործել քաղաքը։ Եվ որքա՛ն մեծ եղավ նրա ուրախությունը, երբ Մոկաց իշխանը, որ յուր պես աներկյուղ` բայց իրանից ավելի ձեռներեց մի մարդ էր, համաձայնվեցավ նրա հետ։ Հենց այս պատճառով սեպուհին ընկերացավ նաև Գոռ իշխանը յուր քաջերի գնդով։

Եվ իրավ, հազիվ հայերը բանակատեղը թողեցին և վերջապահ գնդերը պատնշներից հեռացան, ահա՛ Արտաշատու լայնաբերան դռներից դուրս խուժեցին արաբացիք և վայրենի աղաղակով հայերի ետևից ընկան։

Հայոց վերջապահ գնդերը, որոնց առաջնորդում էին Գոռը, Վահրամ սեպուհը և Մոկաց իշխանը, և որոնք րոպե առ րոպե սպասում էին Արտաշատու կողմից լինելիք այդ հարձակման, ետ դարձան իսկույն և որոտագին աղաղակով դիմեցին արաբացոց վրա։

Վերջինները, որոնք չէին սպասում հայերի կողմից որևէ դիմագրավում, կարծես հանկարծակիի եկան, որովհետև տեսան, որ իրանց գաղտնիքը նախատեսված է նրանցից։ Այսուամենայնիվ շարունակեցին իրանց ընթացքը, մինչև որ միմիանց հանդիպելով՝ սկսան ընդհարվել։

Հայերը երեք կողմից շրջապատեցին արաբացիներին, որովհետև թվով գերազանցում էին և սկսան նրանց հետ զորեղ դիմամարտ։

Անցավ կես ժամ. կոտորածը շարունակվում էր։ Արաբացիք կռվում էին քաջությամբ. բայց միևնույն ժամանակ շարունակ նայում էին դեպի Դվին, հուսալով, թե ահա՛ կբացվին շուտով նրա դռները և ոստիկանի զորքը դուրս կխուժե այդտեղից հայերին շփոթելու և իրանց աջակցելու համար։ Բայց ժամանակն անցնում էր. հայերը շարունակում էին իրանց ջարդը և սակայն Դվնո կողմից օգնություն չէր հասնում: