Լիության եղջյուրը սփռել էր ամեն տեղ յուր առատ պարգևնևրը։ Եվ որովհետև երկրի խաղաղությունը երկար ժամանակ չխանգարվեց, ուստի ոչ միայն հեռավոր կողմեր փախչողները վերադարձան, այլև ուրիշ տեղերից խաղաղակյաց ժողովուրդներ` գունդագունդ Հայոց երկիրը գաղթեցին, որովհետև գյուղերը բազմամարդացան, քաղաքները բարգավաճեցին, արհեստները ծաղկեցան և առևտուրը կենդանանալով` երկրի մեջ էլ շահավոր շարժում ու կենդանություն ստեղծեց։
Եվ որովհետև երկրի խաղաղ դրությունից կախում ուներ նաև դպրության ու արվեստի բարգավաճումը, ուստի Հայաստանի այն վանքերը, որոնք խռովության օրերից արդեն ամայացել և շատերն էլ ավերվել էին, նորեն սկսան շենանալ և բարեկարգվիլ: Որովհետև այս ու այն կողմերը փախած կամ տարագիր եղած առաջնորդները ու միաբանները նորեն դարձան դեպի իրենց ուխտերը, ավերվածները նորոգեցին, քանդածները շինեցին, միաբնակիցներ ժողովեցին ու փութաջան աշխատությամբ սկսան այդ վանքերում ուսումն ու դպրությունը ծաղկեցնել։ Եվ որովհետև հայոց վանքերը Մեծին Ներսեսի և Ս. Աահակա օրերից սկսած` դպրություն տարածելուց և ժողովրդի հոգևոր պետքերը հոգալուց զատ` պաշտոն ունեին նաև տկարները խնամելու, հիվանդները դարմանելու, օտարները ժողովելու և այլն, ուստի` այդ վանքերից շատերում հիմնվեցան նաև որբանոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և ուրիշ կարևոր ապաստարաններ։
Այդ բոլոր հասարակական հաստատություններին հովանավորում էր ինքը` Աբաս թագավորը` ոմանց նպաստելով արքայական գանձարանից, ոմանց կալվածներ նվիրելով, ուրիշներին հասույթներ սահմանելով, և այլն, և այլն։
Այդպիսով Աբաս թագավորի օրով ոչ միայն եղած վանքերը բարեկարգվեցան, այլև նորերը հիմնվեցան և ծաղկեցին. ինչպես, օրինակ` Արշարունյաց գավառի «Կամրջաձորի վանքը», որ 300-ից ավելի միաբաններ ուներ։ Նույն գավառի «Կապուտաքար վանքը», որ հայտնի էր յուր առաջադեմ վանականներով։ Շիրակ գավառի «Հռոմոսի վանքը», որ