Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանավոր եղավ յուր հյուրանոցով, ուր կարոտները ոչ միայն կերակուր, այլև հանդերձներ էին ստանում։ Նույն գավառի «Դպրեվանքը», որ անշուշտ հայկական դպրությունը գերազանց ծաղկեցնելու համար նույն անունն ստացավ: Դերջան գավառի «Խլաձորի վանքը», որ Սիոն անունով մի ճգնավոր շինեց, որով ապացուցում էր թե` երկրի մեջ տիրող խաղաղության շնորհիվ, որ աստիճան էր հոգեկան գործերով պարապելու եռանդը զարգացել: Այդպիսի ոգևորության արդյունք էին` Խարբերդ գավառի «Մովսիսավանքը», Կարնո «Հնձուց մենաստանը», Վայոց-ձորի «Ցախյաց վանքը», որոնք հայտնի եղան իրենց շինարար միաբանություններով, և վերջապես, Ռշտունյաց գավառի «Ներկա վանքը», որ հայ ազգին տվավ փիլիսոփայության և բանաստեղծության, մեջ հայտնի վարդապետներ։ Ինչպես, օրինակ՝ Անտնիա Նարեկացին, որ Թոնդրակեցոց հաղթահարիչը եղավ և աստվածային ողբերգակ Գրիգոր Նարեկացին, որ յուր բանաստեղծական անզուգական հանճարով` կարողացավ արժանապես երգել Ահավոր Հավիտենական զորությունն ու բարությունը, որի հոգեբուխ աղոթքները դարուց ի դարս մրմնջացին Հայոց բարեպաշտները...

Եվ սակայն խաղաղության տարիների բերած անդորրությունը չթուլացրեց թագավորի քաջազնական եռանդը: Նա թեպետ մեծ ուշադրություն դարձրեց երկրի ներքին բարեկարգության վրա, որի մեջ և գտնվում էր ժողովրդի իսկական երջանկությունը, այնուամենայնիվ, բարձիթողի չարավ նաև արտաքին թշնամիներից քաջապես պաշտպանվելու միջոցները: Որովհետև գիտեր, որ յուր երկիրը շրջապատված է անկիրթ և բարբարոս դրացիներով, որոնք եթե ոչ այսօր, գուցե վաղը հարձակվեին յուր վրա, եթե իմանային, որ ինքը զուրկ է պաշտպանության միջոցներից:

Այս նպատակով արքյական բանակը զորացնելու գործը իշխան Մարզապետունուն հանձնելով` ինքն զբաղվեցավ, արքայական գահի համար ապահովագույն մի կայան ընտրելու և արհեստի ամեն կատարելությամբ նրան ամրացնելու գործով: Որովհետև Երազգավորսը զուրկ էր անհրաժեշտ