խոսքերը և նա, չկարողանալով այլևս դիմադրել նրա պահանջին, մանավանդ որ մյուս իշխաններն էլ համակերպել էին արդեն Մարզպետունուն, խոստացավ կուրացնել Բերին։
Բայց որովհետև սպարապետը կասկածում էր, թե թագավորը Կարս վերադառնալուց կարող է թագուհու թախանձանքներից հեշտությամբ հաղթահարվիլ, ուստի հրաման արավ, որ հենց Կարս մտնելու օրը որոշյալ պատիժը գործադրե։
Եվ ահա այդ էր պատճառը, որ Բերին ուղարկել էին ս. Առաքելոց եկեղեցին և իրանք էլ աճապարում էին այնտեղ։
Երբ թագավորը յուր հետևորդներով հասավ նորակառույց տաճարը, այդտեղ արդեն ժողովված էր հանդիսատեսների մեծ բազմություն։ Այդտեղ էր և Բերը՝ իր գերված իշխաններով, որոնց բոլորին դարձյալ հսկում էին նիզակավոր վանանդացիք։
Թագավորը, որ կարծես խուսափել էր թագուհու աչքից, որպեսզի կարելույն չափ փութով յուր խոստումը կատարեր, ըստ որում վախենում էր՝ թե գուցե ուշացնելով ստիպված լինի հետո դրժել խոստմանը, ձիուց իջնելուն պես մոտեցավ Բերին և բռնելով նրա ձեռքից, ասաց.
-Արի, տես այն եկեղեցին, որ կամենում էին վրաց ծեսով օծել...
Այս ասելով նա ներս մտցրեց Բեր թագավորին յուրաշեն տաճարը և ցույց տալով նրան նրա ներքին գեղեցկությունները, շարունակեց.
-Տե՛ս, որքան գեղեցիկ է։ նա շինված է քառաթև, բաժանված է տասներկու երեսների։ Նրանցից ամեն մինի վրա նկարված է Առաքյալներից մինի պատկերը. այն Առաքյալների, որոնցից և ոչ մինը ոտք չէ դրել քո երկիրը քրիստոնեություն քարոզելու համար։ Նայի՛ր գմբեթին. որքան բարձր է և գեղեցիկ։ Նա կանգնած է անսյուն կամարների վրա։ Նայի՛ր նույնպես խորանին, նրա բարձրադիր բեմին, որ չի նմանում վրաց ցածուն բեմերին, ուրեմն և չի կարող վրաց ծեսով օծվել: Նայի՛ր, տե՛ս բաց աչքերով, որովհետև այլևս չպիտի տեսնես նրան։