Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ փառք պատրաստեց յուր դստեր համար. այդ փառքը վայելեց իմ թագուհին...

-Այո՛, և, սակայն, ներկան մոռացնել տվավ անցյալը։

-Ինձ թվում է, թե առավել արդարացի կլիներ, եթե ներկայի փոքրիկ վշտերը աշխատեինք մեղմացնել անցյալի քաղցր հիշատակներով։

-Որո՞նք են դրանք, Սեդա, ես չեմ հիշում, ես քաղցրություն չեմ տեսել իմ ամուսնական կյանքում։

Սեդան խորհրդավոր եղանակով ժպտաց։

-Դու ծիծաղո՞ւմ ես, մայր Սեդա. հապա հիշի՛ր, թվի՛ր այդ քաղցրությունները, գուցե ես այնոնք մտաբերելով իմ այժմյանց ցավերը մոռանամ։

-Օ՜, շատ երկար կտևե այդ, թագուհի. դու պետք է հանգստանաս։

-Ոչ, ասա՛, պատմի՛ր. իմ հանգստությունը քո զրույցների մեջ եմ գտնում, այս գիշեր քունը չի մոտենալ աչքերիս, պատմի՛ր, ես լսում եմ։

Այս ասելով թագուհին նորից պառկեց` հոլանի թևը բարձերին և ձեռքը ծնոտին հենելով։ Սեդան վեր կացավ և ծածկեց նրան մի նրբագործ շղարշով։

-Եվ այդպես, ուրեմն, մոռացել ես դու բոլորը, իմ սիրելի թագուհի, այժմ կհիշեցնեմ...

-Հապա՛։

-Մտաբերո՞ւմ ես այն օրը, երբ դու և մեծ իշխանուհին վերադարձաք Խաչենից։

-Հիշում եմ. երկու օր էր, ինչ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։

-Եվ ես պատմեցի քեզ բոլորը, ինչ որ ձեզանից հետո անցել էր Գարդմանում։

-Այո՛, և ես շատ վշտացա, որ արքայորդուն չէի տեսել։

-Եվ ինչպե՜ս նրա մասին արած իմ նկարագրությունները ոգևորում էին քեզ։

-Հիշում եմ։

-Հենց այդ օրը սուրհանդակ հասավ Բագրևանդից, որ հայտնում էր, թե Յուսուփը Աշոտի գալը լսելով` խույս է տվել