Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի Ատրպատական, իսկ արքայորդին հասնելով Բագրևանդ` զորեղ կռիվ է ունեցել Յուսուփի թողած զորքերի հետ, որոնց և իսպառ ջարդել ու ցրել է. իսկ նրանց գլխավոր իշխաններին բռնելով` տիկ է հանել և ամրոցների աշտարակներից կախել։ Այս առաջին վրեժն էր, որ քաջ որդին լուծեց յուր հոր սպանիչներից։ Այս լուրը սարսափ էր գցել հագարացիների վրա։

-Հիշում եմ. և ինչպե՜ս մեզ ամենքիս ոգևորում էր այդ։ Ես ինքս մեծագին նվեր տվի սուրհանդակին այդ անդրանիկ բարելուրի համար։

-Այնուհետև հետզհետե գալիս էին լուրեր, թե արքայորդին մտավ Շիրակ, անցավ Գուգարք, թե ամեն տեղ զորավոր կռիվ է մղում հագարացիների դեմ, ջարդում, ոչնչացնում է նրանց, բերդերն ու քաղաքներն առնում, գերիներն ու բանտարկյալներն ազատում, ավերակ ամրոցները վերանորոգում, ամեն տեղ պահապան զորքեր կարգում և արշավանքը առաջ է տանում։

-Հիշում եմ... Ասում էին, որ Յուսուփը, լսելով արքայորդու քաջագործությունները, սարսափել էր, վախենալով, թե գուցե նա յուր սուրը դարձնե դեպի Ատրպատական, ուր որջանում էր ինքը։

-Այդպես ասում էին. բայց արքայորդին դեռ սեփական երկիրը պետք է մաքրեր հագարացի հրեշներից։ Այդ էր պատճառը, որ Գուգարքը նվաճելուց և Վասակ ու Աշոտ Գնթունի իշխաններին հանձնելուց հետո` նա անցավ Վրաստանի սահմանը, Տփխիսն ազատելու։ Այդտեղ էլ հագարացիք մեծ ուժ ունեին։ Վրացի ազգերը հեծում էին նրանց բարբարոսական լծի տակ։ Մեր դյուցազնը ինչպես մի կատաղի փոթորիկ հասավ Տփխիս։ Նրա հուժկու բանակի առաջ, որ ստվարացել էր հետզհետե, հագարացոց զորությունը չկարողացավ դիմանալ։

Հայերը ջարդեցին նրանց, ցրեցին, արաբացի իշխանները գերելով` շղթայի զարկեցին, իսկ Տփխիսը ազատելով` վերադարձան Ուտիք։

Այստեղ էլ, ինչպես գիտես, ուտիացիք էին ապստամբել։ Սակայն նրանց նվաճելու համար մեծ աշխատանք գործ չդրավ արքայորդին։ Մի քանի սրիկայական գնդեր ցրելուց հետո