Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքը խաղաղեցան, մանավանդ որ վիթխարի Մովսեսը վերակացու կարգվեցավ նրանց վրա:

Փառավոր էր արքայորդու հաղթությունը Աղստևի խորաձորում, ուր ընդհանուր քանակից վերցրած վեց հարյուր զինվորներով միայն սպառսպուռ ջնջեց այդտեղ թաքնված հագարացիների վերջին զորաբանակը։ Ասում էին, որ նրանցից չէր ազատվել մինչև անգամ մի զորական, որ գույժ տաներ Յուսուփին իրանց կրած պարտության համար։

-Այդ բոլորը ես բերան գիտեմ, Սե՛դա, դու ինչո՞ ւ համար ես կրկնում,-հարցրեց թագուհին։

-Ցույց տալու համար այն բնական ճանապարհը, որով առաջացել է Գարդմանա օրիորդի դժբախտությունը,-պատասխանեց Սեդան խորհրդավոր եղանակով։

Զ

ՔԱՂՑՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

-Շարունակի՛ր,-ասաց թագուհին։

Սեդան առաջ քաշեց աթոռակը, և յուր դիրքը նորից ուղղելով` շարունակեց զրույցը.

-Արքայորդու հաջողությունները ոգևորում էին քեզ։ Առանց նրան տեսած լինելու, դու հիանում էիր այդ դյուցազնով։ Քանի՜-քանի՜ անգամ կրկնել տվիր ինձ այն պատմությունները, որ լսել էի Մարզպետունի իշխանից։ Երևում էր, որ մի գաղտնի զորություն շարունակ քո սիրտը քաշում էր դեպի նրան։ Արքայորդու ձեռնարկությանց ամեն մի հաջողությունը լցնում էր հոգիդ ցնծությամբ։ Հիշո՞ւմ ես. Աղստևի հաջողության լուրը բերող գարդմանացի զորականին մի արտավար հող ընծայել տվիր։

Հարկավ, իշխան Սևադայի սրատես աչքերից չէին կարող ծածկվել այս բոլորը։ Եվ նա, որ յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում, անուշադիր չպիտի թողներ քո զգացումները, մանավանդ որ նրանք չէին հակառակում յուր փառասիրական նպատակներին։