Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Երևակայում եմ։

-Եվ այս բանը հորս հայտնել չկարողացա, լեզուս կարկամել էր ուրախությունից։ Վերջը, երբ նաժիշտներից մինը ճչաց վերևից` «Իշխան, ավետաբեր է գալիս», և հայրս կարծես չհավատալով նրան` հարցական հայացքով նայեց դեպի ինձ, ես ուրախությունից կիսահագագ` «Այո՛, այո՛, կարմիր դրոշով», ճչացի նույնպես և վազեցի ներքև։ Երեսս հրճվանքից վառվում էր։ Հիշո՞ւմ ես դու այդ օրը, Սե՛դա։

-Եվ կարելի՞ է մոռանալ այն։ Բոլոր ամրոցը ցնծում էր ուրախությունից։ Իշխանը մի ընտիր սուր, մի նժույգ և շատ ոսկիներ պարգևեց ավետաբեր զորականին։ Նա մեր այժմյան բերդակալ Մուշեղն էր, այնպես չէ՞։

-Այո, նա ինքն էր։ Ես կամենում էի, որ ավելի մեծագին ընծաներով պարգևատրեին նրան, բայց հորս ոչինչ չասացի. խնդիրն ինձ էր վերաբերում, ամաչում էի։

-Եվ երկու օրվա մեջ,-հարակցեց Սեդան,-ամբողջ Գարդմանը տոնական կերպարանք առավ։ Աղստև գնալու նշանակված հեծյալները ղրկվեցան Գուգարք, Սյունիք, Արցախ և ուրիշ հեռավոր տեղեր` հայոց իշխաններին հարսանիքի հրավիրելու։ Թագավորը դիտմամբ ուշացավ Վաղարշապատում։ Եվ երբ նա եկավ, արդեն բոլոր իշխանները, սեպուհները, նախարարական տանուտերերը և բոլոր իշխանական րնտանիքները գտնվում էին Գարդմանում, Ափխազիայի իշխանը միայն մի օր առաջ հասավ. իսկ վրաց թագավորը դիտմամբ ուշացել էր Գանձակում, որպեսզի մեր թագավորի հետ միասին մտնե Գարդման, չնայելով, որ ինքը նրա երկրորդն էր։ Բայց Արծրունյաց Գուրգեն իշխանը, չնայելով քեզանից մերժված լինելուն, այսուամենայնիվ, յուր բարյացակամությունը թագավորին ցույց տալու համար ոչ միայն շքադիր խմբով եկավ հարսանիքին, այլև Գանձակ գնալով` հնարներ գործ դրավ, որ վրաց Ատրներսեհին թագավորից գոնե կես օր առաջ բերե Գարդման։ Եվ հաջողեց էլ։ Ատրներսեհը երեկոյան եկավ, իսկ թագավորին հետևյալ առավոտը ընդունեցինք։

-Ընդունեցիք... Այո՛, դուք ընդունում էիք թագավորին։ Գարդմանը երիտասարդացել էր, լեռներն ու բլուրները հրճվում էին, ժողովուրդը շլանում էր հայոց իշխանապետության