Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Որովհետև ինձ ճանաչում են ոչ միայն Սևադա իշխանի ծառաները, այլև բերդապահ զինվորները։

-Ի՞նչ վնաս։

-Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ իշխան Մարզպետունուն, ուրեմն և իմ պատճառով կճանաչեն նաև քեզ։

-Եթե այդպես է, մնա՛ ավանում։

-Ծառա եմ հրամանիդ։

-Այդ լավ է. գուցե քեզ հաջողի նաև տեղեկություններ հավաքել Սևադա իշխանի մասին, թե ի՛նչ չափով նա մասնակից է այս ապստամբության գործին։

-Անշուշտ. Եզնիկը չի հանգստանալ, մինչև որ ամեն բան տեղն ու տեղը չիմանա։ Այստեղի քահանան շատախոսի մեկն է, ես նրա մոտ կիջնեմ։

-Բայց քի՛չ խոսիր և շա՛տ լսիր։

-Կարող եմ բոլորովին չխոսել, սակայն առատ աջահամբույր կտամ։

-Այդ էլ լավ է. պատրաստ արծաթ ունի՞ս:

-Գեղջուկ քահանային պղնձե դրամներով էլ կգոհացնեմ:

Հեծյալները խոսակցելով հասան Գարդմանա վտակին:

-Դե՛հ, է՛լ մի՛ ուշանար. անցի՛ր գետակը,-հրամայեց իշխանը։

Թիկնապահը ողջունեց տիրոջը և մտրակելով ձին` անցավ վտակը և ուղղվեցավ դեպի ձախ, Գարդման ավանը գնալու համար, իսկ իշխանը բռնեց ամրոցի ճանապարհը։ Երբ հասավ բերդասարի ստորոտին, երևաց Գարդմանը յուր սպիտակ պարիսպներով և հզոր աշտարակներով, որոնք ամբառնում էին բերդի արևմտյան կողմից և աջ ու ձախ ձգվելով` միանում հյուսիսային մասի անմատչելի լեռնալանջին և հարավային ու արևելյան կողմերի վիմահերձ ժայռերի բնական պատնեշներին։

Լեռան գագաթին թառած այդ անառիկ ամրոցը, որ մութը կոխելու վրա, մանավանդ, ահարկու տպավորություն էր անում ամեն մի անցորդի վրա, մոտեցող իշխանի սիրտը տխրությամբ համակեց։ Նա հիշեց ութ տարի առաջ յուր և արքայորդի Աշոտի մուտքն այս ամրոցը։ Այդ ժամանակ, արդարև,