զինվորները խառնվեցան իրար. հարվածներ տեղացին, մարդիկ գլորվեցան, մինչև անգամ, դահիճներից մի քանիսը փախան:
Բայց շուտով թագավորի ահարկու ձայնը որոտաց. հրամանատարները ներքև վազեցին և մի գունդ սարվազներ արշավասույր ու սուսերամերկ հրապարակը մտան:
Այդքանն արդեն բավական էր որ հուզումը դադարեր։ Հարձակվողներն, արդարև, ետ կասեցան. զինվորները հրապարակը գրավեցին և շահատակության գործը վերջացավ նրանով, որ մի քանի հոգի ծանր հարվածներ առին, մի քանի տաք-գլուխներ ձերրակալվեցան, իսկ գանակոծված երեցին, կիսամեռ վիճակի մեջ, նորեն բանտը տարին։
ԺԶ
Օրը երեկոյացավ։ Հայոց թաղերը հետզհետե խավարում էին։ Ոչ ոք այլևս չէր մտածում թե՝ ջահը դեռևս հյուր է Ագուլիսում. թե՛ ամեն ոք պարտավոր է լուսավորել յուր տունը, կտուրն ու սարվույթը, թե պետք է բակերում խարույկներ բորբոքել և ընկեր, հարևան դրանց շուրջը ժողոված՝ մինչև կես գիշեր խրախություններ անել. թե ժողովուրդը խմբերով փողոցները պիտի պտտեր և փողերով, թմբուկներով օդը թնդացներ, թե՝ միով բանիվ, ամեն ոք պարտավոր էր մասնակցել որևէ հրապարակական զվարճության և չի պիտի գտնվեր մի անկյուն, ուր մարդիկ տխրեին, թեկուզ այդ անկյունը լիներ սգավորի տուն։
Այդպես էին տեսել ագուլեցիք մինչև այդ օրը. և շահն ամեն անքամ յուր ապարանքի ապակեզարդ փենջարեից նրանց հրապարակական խրախությունները տեսնելով՝ ուրախացրել էր և յուր գոհունակությունը հայտնել շրջապատող իշխաններին։
Բայց այսօր քաղաքը կարծես սուգի մեջ է. հայոց թաղերը խավար, փողոցները դատարկ, երաժշտության ձայները լռած և միայն թյուրքերի ու ֆռանկ կոչված հայերի աննշան թաղերն էին, որոնք իրենց աղոտ լուսավորությամբ հիշեցնում