Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրողներին և ոչ թե բախտից երես առած մարդկանց։ Սակայն սոսիների մասին ասածս բացառիկ նշանակություն ուներ, հետևապես և դու ուրիշ՝ կերպ պիտի հասկանայիր։ Ես ուզում էի ասել թե՝ որովհետև Վեդունց Սարգիսը մի խավարամիտ և ուսման ու գիտության դեմ խոսող ու գործող մարդ է, ուրեմն չարժե, որ այս գեղավայրը պատկանե նրան։

— Լավ, ենթադրենք, թե այդպես է, հապա ինչո՞ւ չասացիր թե լավ կլիներ, որ այս սոսիները պատկանեին մեր հյուրընկալ Մուքին, կամ մի ուրիշ, քո կարծիքով ավելի ուսումնասեր գյուղացու, այլ ցանկացար, որ նա լինի մի գեղանի իշխանուհու սեփականություն։

— Ասացի հենց այնպես, առանց մտածելու:

— Ուրեմն ասել ես ավելի անկեղծորեն, քան կարող էիր ասել եթե մտածեիր։ Առաջին դեպքում դու արտահայտել ես քո իսկական զգացմունքը, մինչդեռ երկրորդ դեպքում պիտի աշխատեիր վարագուրել այդ զգացմունքը և ասել այն, ինչ որ, առհասարակ, ընդունված է ասել՝ լուսամիտ և ազատախոհ երևալու համար:

— Սխալվում ես։

— Ինձ համար նշանակություն ունի այն, ինչ որ ասացիր առանց մտածելու։ Մի՛ աշխատիր արդարանալ։ Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ։ Թե՛ դու և թե՛ նրանք, որոնք հրապարակն աղմկում են արդարության և ազատամտության անունով, ստում են միշտ ու կեղծում։ Եվ դուք մեղավոր չեք։ Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել։ Ազատամտության գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ ներողամիտ աչքով նայես ընկերոջդ թերության ու սխալանքների վրա, երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե ա՛յն բարիքները, ինչ որ դու վայելում ես կամ կցանկանայիր վայելել, և երրորդ որ նրան էլ իրավունք տաս խոսելու կամ գործելու այնպես, ինչպես որ դու ես խոսում կամ գործում։ Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է գտնել այսօրինակ ազատամտություն։ Թուրքը մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա»։ Այս ճշմարտության մենք