Էջ:Muratsan, vol. 5.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպում ենք ամեն քայլափոխում. Թե ինչպե՞ս՝ բացատրեմ։ Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն հարմարում իրար: Խոսքն առաքինական է, գործը՝ մոլեկան։ Ներբող ենք կարդում ազատամտության և արդարության համար, բայց առանց խղճահարվելու բռնանում մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը հափշտակում: Դրվատում ենք գութն ու բարեգործությունը և, սակայն, առանց ամաչելու, հանում մեր եղբոր վերջին շշապիկը, աոարկելով թե՝ դա մեզ է պատկանում: Ինչո՞ւ է այս այսպես։ Նրա համար, որ «կաթի հետ» միասին ստրկության, բռնության և անարդարության շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և նրանք միայն մեր «հոգու հետ պիտի դուրս գան»։

— Դու չափազանցնում ես։

— Չեմ չափազանցնում, այլ ասում եմ ճշմարտությունը: Եվ այդ դեպքումն էլ, ինչպես ասացի, անպայման չեմ մեղադրում ոչ քեզ, ո՛չ քո նմաններին։ Իզուր է աշխարհը հայհոյում հրեաներին, թե նրանք չեն պարապում ծանր աշխատանքով, թե նրանք երկչոտ են, խաբող, վաշխառու և այլն։ Այդ հո իրենք չե՞ն այդպես արել իրենց, այլ աշխարհի բռնապետությունը։ Եթե այսօրվա հրեան, որի նախահայրերը, ըստ Մաքս Նորդաուի, «շիտակ են եղել և հպարտ», փախչում է աշխատանքից, այդ նրա համար է, որ նրա երակներում դեռ վազում է եգիպտացվոց աղյուսե գործարաններում չարաչար աշխատող հրեայի արյունը։ Եթե նա ստում է ու թաքցնում այդ նրա համար է, որ հրեական արուները խեղդող Փարավոնի և Երուսաղեմի գերյալներն այրող Նաբուգոդոնոսորի ներշնչած սարսափը դեռ հալածում է նրան։ Եթե նա խնամում և պինդ է բռնում ոսկու քսակը, այդ նրա համար է, որ նույն ոսկու զորությամբ հին բռնակալների կատաղությունը մեղմող և խարուկահանդեսների կրակը մարող հրեաների հոգիները դեռ շշնջում են այսօրվա հրեայի ականջին թե՝ «ոսկու մեջ է միայն քո փրկությունը»։ Այս տեսակետից էլ կարող ենք նայել մեր բարոյական շատ թերությունների վրա։ Եթե իրավ է, որ դարերի ընթացքում մեր հայրերն ու պապերը հեծել են անլուր բռնությունների տակ և նրանց թոռներն ու թոռնորդիները շարունակ ծառայել անիրավությամբ ու անարդարությամբ իշխող