բռնակալների կամքին, ինչո՞ւ պիտի զարմանանք, եթե նրանց որդիներից մինը, թեկուզ Պետրոս Մինարյան անունով, այնքան մեծ նշանակություն տա իշխանին, կամ իշխանուհուն, որ մինչև անգամ ցանկանա Վեդունց Սարգսի սոսիները հատկացնել նրանց։
— Եթե իմանամ, թե իմ մեջ խոսել է ստրկամտության հողին, հուսահատությունից ինձ կսպանեմ։
— Ինչո՞ւ ես հուսահատվում, դու հո մենակ չես, քեզ նման հազարավորները կան։ Բացի այդ, ես քեզ կարող եմ մխիթարել նաև մի ուրիշ բացատրությամբ։ Այդ այն է, որ մարդ արարածը, որքան էլ որ զարգանում է և գիտության լույսով լուսավորվում է, այսուամենայնիվ, նա իր մեջ դեռ կրում է բնազդներն այն հին մարդի, որը վայրենության դարաշրջաններում ապրելով՝ վախենում էր փայլակից ու որոտից, որ ստեղծում էր յուր համար գերբնական և անտեսանելի ուժեր ու նրանց երկրպագում ու զոհում։ Այն ժամանակներից սկսած մարդը սովորել է հպատակել գերազանց ուժին և նրա վրա նայել հիացմունքով։ Այդ հպատակության ու հիացման մեջ նա գոհություն է գտնում, և շատ տկարամիտներ, մինչև անգամ, անհանգստանում են, երբ տիրող կամ բռնացող ուժը վերանում է մեջտեղից։ Այդ առաջ է գալիս նրանից, որ տկարամիտը վախենում է թե՝ մի գուցե ազնվատոհմ գազանի տեղը բռնե իրեն հավասար մի ոչխար... Ես տեսել եմ զարգացած և ինքն իրեն ազատախոհ համարող մարդ, որ դառնացել ու սրտմտել էր՝ իմանալով, որ սեփական աշխատասիրությամբ հառաջադիմող անտոհմիկ մի գավառացի գնել է Թիֆլիսում՝ անհաշիվ շռայլությամբ հոր գույքը վատնող մի իշխանի կալվածքը։ Նա սրտմտում էր ոչ թե նրա համար, որ իշխանը շվայտ էր կամ անառակ, այլ նրա՝ համար, որ անտոհմիկ գավառացին տիրում է իշխանական կալվածքին։ Ուրեմն զարգացած մարդը չէր մեծագրում աշխատասիրությունն ու գործունեությունը, որովհետև նա այդ տեսնում էր անտոհմիկ գավառացու մեջ. չէր էլ գարշում անառակությունից ու շվայտությունից, որովհետև դա յուր աչքում մեծ համարվող իշխանի ունակությունն էր։ Այսպիսով, ուրեմն, այդ զարգացած մարդու մեջ միաժամանակ գործում. էին՝ թե՛