մայիսի միջումն էր։ Էն ա հայր սուրբը, սստոծ հոգին լուսավորի, գիրը գրեց ու մի քսան օրից եդը րեխան էկավ։
Դե հմի դուք ըստեղ պտի ըլեիք, որ տեսնիք թե՝ մերը ոնց էր գնում տղի առաջը։ Ըսկի մոռանալ չեմ։ Իրիկվան չախն (դեմն) էր. նախիրը նոր էր հանդիցը էկել։ Սավգյուլը կովկիթը ձեոին՝ Սոնա անումով մի սիրուն կով ունինք, նրա առաջը չոքած՝ կթում էր։ Հենց որ չլսեց, որ րեխան գալիս ա կովկիթը ձեռեն վեր գցեց, ու գժի նման վազ տվավ։
— Սավգյուլ, Սավգյուլ, աղջի, էդ ու՞ր ես վազ տալիս րեխեն հլա հեռու ա,— կանչեցի եդիցը, ամա լսեց ոչ։ Աղջի, կացի, ես էլ գամ, մենակ գնալ մի, բղավում ի եդիցը․ ամա Սավգյուլի ականջումը որ թոփ էլ տրաքեր, լսելու չէր։ ճարո կտրեց, ես էլ վեր կացա ու եդիցը վազեցի։ Գեղըցիք, բանից բեխաբար (անգիտակ), կտրներիցը յա էյվաններիցը մտիկ են տալի մեզ ու արմանում։ Հենց գիտում են թե՝ կնիկս պելացել (գժվել), տանիցը փախչում ա, ու ես էլ եդիցը վազում եմ, որ բռնեմ։ Էդ սհաթումն հո՞վ էր կանգնելու, թե ի՞նչ ա, նրանց բան հասկացնի։ Ինչկլի մին վերստաչափ ըսենց իրար եդից վազ տվինք։ Հենց էն ա, էլի (հասարակաց) ճամփին հասու-հաս ինք, որ թումբի եդիցը րեխան րևաց։ Սավգյուլը, որ ինչկլի էն՝ ղուշի նման թռչում էր, հու ես եդիցը կարում չի հասնեմ, հմի որ րեխին տեսավ ո՞չ, ասես տեղն ու տեղը մեխվեց.« Վանի՜ ջա՛ն, բալա ջան, դու եկա՞ր, մայամ (ուրեմն) ես քե տենա՞լ պտի...» ասեց ու ծնկները թուլացած ճամփի միջումը չոքեց։ Րեխան ձիի վրիցը թռավ, վազ տվավ, մոր ճտովն ընկավ։ Էլ հո՜վ կարա պատմիլ, թե ինչ էր անում ըստեղ մերը տղին։ «Վանի ջան, բալա ջան» էր ասում ու գլխիցն ինչկլի ոտը պաչում, լիզլիզատում, թողնում չէր, որ դոշիցը պուկ գա, թե ի՞նչ ա, մի հատ էլ ես խտտեմ (գրկեմ), էրեսիցը պաչեմ, որ սիրտս հովանա… Ուզում էր… ասես, սիրտն էն մնութին (րոպեին) ճղի ու րեխեն միջումը դնի, յա չէ, աչքի լիսերն հանի, որ Վանու ոտի տակը գցի... Ի՞նչ երկարացնեմ, էս թահրով րեխին վեր կալանք, եկանք տուն։
Ծերունին լռեց։ Ապա ձեռքը դեպի ճակատը տանելով՝ նորեն գլխակապը հանեց․ ճաղատ գլուխը շոյեց և կրկին շարունակեց.