Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստուններից մինն եք, այլև պ. Մարկոսովին, որ քաղաքի առաջին հարուստն է։ Եվ ահա այդ հավատը երջանկացնում է ինձ։

— Բայց դա խաբուսիկ երջանկություն է։

— Դա է իսկական երջանկությունը, որովհետև դրա հետ հոգսեր չեն կապված։

— Հոգսե՜ր... ա՜, դու ուրեմն վախենում ես հոգսերից,— բացականչում է Սեղբոսյանը, իբր մեծ գյուտ անելով... Դեհ, բարեկամ, այժմ խոստովանիր, որ հոգսերն են քեզ արբեցություն մղել. և առաջին հոգսդ անշուշտ, կորած սիրո պատճառով է եղել։

— Ես աշխարհում ունեցել եմ միայն մի սիրուհի — օղին, և նա ինձ երբեք չի դավաճանել, — պատասխանում է արբեցողը լրջությամբ։

— Անկարելի է. մի՞թե դու ոչ մի կին չես սիրել։

— Կի՞ն... ինչի՞ համար սիրեի։ Աշակերտությանս ժամանակ մեր վարժապետն ասում էր թե՝ աշխարհի առաջին կինը, Եվան, խաբել է Ադամին, մեր խեղճ նախահորը, և պատվիրում էր մեզ հեռու լինել կանանցից։ Այդ օրից ահա ես չեմ մոտեցել նրանց։

Սեղբոսյանը տեսնելով, որ արբեցողի մեջ էլ չի գտնում «վիպական վիշտ», հեռանում է։ Բայց և այնպես նա յուր հույսը չի կորցնում, որ երրորդ կամ չորրորդ պատահողի մեջ պիտի գտնե անշուշտ որոնածը և նրանից հյուսե ցանկացած «պատկերը»։

Այս էր պատճառը, որ մի երկու շաբաթ առաջ նա շտապ-շտապ քաշում էր իմ զանգը։

— Հա՞, ի՞նչ ունիս Սեղբոս աղբար, հուզված ես երևում,— հարցրի ես նրան դուռը բանալով։

— Օ՜, վշտեր, վշտեր... աշխարհը լի է նրանցով,— բացականչեց բարեկամս և ներս վազեց դեպի տուն։ Ես հետևեցի նրան։

— Հա, ի՞նչ նոր գաղտնիք է բացվել.— հարցրի հետաքրքրությամբ և նստա վիպասանի հանդեպ։

— Գաղտնի՞ք... այո՛, լավ ասացիր, իրավ որ գաղտնիք» իսկական և զարհուրելի գաղտնիք... բայց թույլ տուր որ