Էջ:Muratsan, vol. 5.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք բոլորդ էլ պատահել եք այսպիսի մարդու,— հայտնեց կառավարիչը՝ յուր ծխափողը վառելով։

— Մե՞նք,— հարցրին խոսողները։

— Այո, դուք,— պնդեց կառավարիչը։

— Ես, գոնե, չեմ հիշում։

— Ես, նույնպես։

— Գրազ կգամ որ սխալվում եք,— բացականչեց երրորդը և ձեռքը պարզեց դեպի կառավարիչը։

— Բարի․ ինչո՞վ եք գրազ գալիս,— հարցրեց վերջինս։

— Տասը շիշ գարեջրով։

— Պատրաստ եմ,— ասաց Վասիլ Իվանիչը և ձեռքը խփեց խոսակցի ձեռքին։

— Այժմ ասացեք, ո՞վ է այն մարդը։

— Վասիլ Իվանիչ Գոլուբցով, որ այս րոպեին նստած է ձեր առաջ։

— Դուք, անկարելի է,— բացականչեց գրազ բռնողը։

— Ինչպե՞ս թե անկարելի է։ Չէ՞ր կարող պատահել, որ ես իմանայի մի ճշմարտություն և զղջայի որ իմացել եմ։

— Ինչո՞ւ չէ։ Բայց... լավ ուրեմն, ասացեք, ի՞նչ ճշմարտություն եք իմացել։

— Չէ, դեռ առաջ թող գարեջրի շշերը գան,— նկատեց կառավարիչը ժպտալով։

— Իսկ եթե մենք գտնենք, որ դուք իզուր եք զղջացել հիշածդ ճշմարտությունն իմանալո՞վ,— հարցրեց խոսակիցը։

— Այն ժամանակ, իհարկե, գարեջրի փողը ես կվճարեմ։

Գրազ բռնողը հրամայեց և շշերը բերին։

Երբ բոլոր ներկա եղողների բաժակները լցվեցան, կառավարիչը յուր գավաթը վերցրեց, ծանրությամբ խմեց. ապա նորից լցնելով՝ առջևը դրեց և ասաց.

— Երևի ձեզանից ոչ ոք չէ մտածել մինչև այսօր թե Վասիլ Իվանիչը, որ յուր հմտության ու աշխատասիրության շնորհիվ կարող էր հայտնի քաղաքներից մինի փոստատան կառավարիչ լինիլ, ինչո՞ւ է մեր այս աննշան ավանում ծառայում։

— Ինչպե՞ս չէ, մենք հաճախ խոսել ենք այդ մասին և զարմացել, որ ձեզ նման արժանավոր մարդը համաձայնվել է