Էջ:Muratsan, vol. 5.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալ մեր այս խղճուկ ավանը,— հաճոյախոսեց երիտասարդներից մինը։

— Հա՞, ուրեմն ապրեք. դեհ, այժմ լսեցեք,— ասաց կառավարիչը և գարեջրի գավաթը նորից կիսելով՝ շարունակեց.

— Ես, պարոններ, պաշտոն ունեի մայրաքաղաքում դեռ տասնևհինգ տարի սրանից առաջ։ Այնտեղ ծառայում էի դարձյալ փոստատանը և վարում էի գլխավոր նամակաբաշխի պաշտոնը։

Թե ի՞նչ պաշտոն է այդ, բացատրեմ։ Գլխավոր նամակաբաշխը, առհասարակ, վարում է թղթակցությունների բաժինը։ Յուրաքանչյուր անգամ, երբ փոստն ստացվում է, նրան հանձնում են բոլոր նամականին, հասարա՞կ թե ապահովյալ. նույնպես և պարբերական թերթերը: Այդ բոլորի հասցեները նամակաբաշխը կարդում է ի լուր յուր շուրջը խմբված ցրիչների, որոնց թիվը, երբեմն, հասնում է քսանի կամ երեսնի, և նրանցից յուրաքանչյուրին տալիս է յուր քաղաքամասին վերաբերյալ թղթակցությունը։ Ցրիչների հեռանալուց հետո՝ նամակաբաշխի մոտ մնում են այն թղթակցությունները, որոնք հանձնվում են տերերին փոստի վարչությունից տրված մի որոշ արտոնագրով (առանց որին օտար մարդը չի կարող այդ թղթակցությունը ստանալ), մեկ էլ այն թղթակցությունները, որոնց ծրարների վրա գրված է «ցպահանջ» խոսքը։ Վերջին տեսակի թղթակցությունները տրվում են տիրոջը միայն այն ժամանակ, երբ վերջինս ներկայանալով նամակաբաշխին՝ պհանջում է այն՝ նախապես յուր հասցեն հայտնելով։

Պետք է ձեզ ասեմ, որ «ցպահանջ» վերտառությունը կրող ծրարները ամենից հետաքրքրական թղթակցություններն են։ Նրանց մեջ, ճշմարիտ է, լինում են և հասարակ բովանդակություն ունեցող նամակներ (որոնք ստացվում են հեռու քաղաքներից), բայց լինում են և այնպիսիներ, որոնք պարունակում են իրենց մեջ թանկագին գաղտնիքներ, ռոմաններ դրամաներ, հաճախ և ողբերգություններ։ Այդ տեսակի թղթակցությունները, գլխավորապես, ստացվում են քաղաքային փոստով, որից երևում է, որ նրանց հեղինակները ապրում են նույն քաղաքում։ Դրանցից շատերի վրա չեն լինում, մինչև