— Այսինքն։
— Այսինքն այնպիսի մի բան, որ միայն սրբազան հորը կարող եմ հայտնել։
— Այդ միևնույն է. առաջ կարող ես ինձ հայտնել,— նկատեց սենեկապանը այնպիսի մի եղանակով, որից կարելի էր ենթադրել թե որքան իրավունքներ է վայելում նա առաջնորդարանում։
— Չեմ կարող։
— Ինչպե՞ս թե չես կարող,— հարցրեց սենեկապանը՝ զարմանալով լուսարարի հանդգնության վրա։
— Ասում եմ, որ չեմ կարող, մի՞թե հասկանալի լեզվով չե՞մ խոսում.— նկատեց լուսարարը, այս անգամ արդեն վրդովվելով։
Սենեկապետը առաջին անգամն էր տեսնում մի խնդրարկու, որ համարձակվում է սրբազանին հայտնելիք գաղտնիքը իրանից ծածկել։ Նա սովոր էր նայել առաջնորդի մոտ եկող ամեն մի խնդրարկուի վրա ինչպես յուր հարկատու հպատակի, որը նախ յուր առաջ պիտի խոնարհեր, յուր բարեհաճությունը պիտի վաստակեր (քաղցր խոսքերով լիներ այդ, թե քաղցրագույն նվերներով) և ապա թե սրբազանի մոտ մտներ։
Եվ արդարև, չէ՞ որ սրբազանի սենեկապան լինել նշանակում է՝ առաջնորդարանի տեր լիներ։ Որին որ կուզե՝ թույլ կտա ներս մտնել, որին չի ուզիլ՝ կասե սրբազանը չէ կամենում ձեզ ընդունել։ Շատ համառողին՝ կառարկե թե՝ առաջնորդը հիվանդ է, կամ թե՝ ներսում պաշտոնական անձանց խորհուրդ կա, որն ուշ գիշերին կվերջանա և այլն և այլն։
Այս է ահա պատճառը, որ բոլոր խնդրարկուները, նամանավանդ սրբազանից կախում ունեցող հոգևորկանները, մեծ ակնածությամբ են նայում սենեկապան Հակոյի վրա, քաջ գիտենալով, որ սրբազանը նրան լսում է սիրով, հետևապես և հաճախ այդ սպասավորի կամքից է կախված թե ի՞նչ տրամադրությամբ կնդունե առաջնորդը այս կամ այն խնդրատուին։
Եվ որովհետև Հակոն միշտ պատրաստ ունի ձեռին երկու տեսակ ծանուցումն, որոնցից մեկովը տրամադրում է