սրբազանին բարեհաճ աչքով նայել եկողի վրա, իսկ մյուսովն ընդհակառակը, ուստի ամեն ոք աշխատում է չգրգռել Հակոյի զայրույթը, որպեսզի արժանանա առաջին տեսակի ծանուցման։
Լուսարարը, սակայն անզգույշ գտնվեցավ։
Թողնելով նրան դահլիճում, սենակապանը մտավ սրբազանի մոտ, որն այդ րոպեին լվացվում էր, և յուր երկրորդ տեսակի ծանուցումն արավ։
— Մայր եկեղեցու լուսարարը, սրբազան, առավոտվանից եկել դուռը կտրել է, ասում է սրբազանին պիտի տեսնեմ: Ասում եմ՝ դեռ նոր է վեր կենում, գնա մի ժամից արի, ասում է՝ չէ, ես հենց հիմի պիտի տեսնեմ. ասա թող ընդունի, չեմ կարող սպասել։
— Եո՛,— բացականչեց սրբազանը էջմիածնական տոնով։
— Հապա՞ չեմ իմանում խմա՞ է, թե գժված։
— Այ տղա, զգույշ կաց, այդպիսի մարդկանց մի ըդունիր։
— Ի՞նչ անեմ, սրբազան, ասում է առաջնորդի մոտ եմ եկել, դու ի՞նչ իրավունք ունես, որ չընդունես։
— Եո՛։
— Հապա՞։
— Ուրեմն հարբած է։
— Կարծեմ։
— Այդպես վա՞ղ:
— Շատ փչացածն է երևում։
Սրբազանը իր լվացումը վերջացրեց և սպասավորի օգնությամբ հագնվելով՝ հրամայեց թեյ տանել ընդունարանը: Ապա ինքն ևս ուղղվելով այդտեղ՝ կարգադրեց կանչել լուսարարին։
Երբ վերջինս ներս մտավ, սրբազանն արդեն նստած էր բազմոցի վրա։
— Հա, ի՞նչ ունիս,— հարցրեց նա լուսարարին, երբ սա խորը գլուխ տալով կանգնեց դռան առաջ։
— Սրբազան հայր, եկա ձեզ խնդրելու, որ իրավունք