Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաք ինձ՝ հանել մեր եկեղեցու վերնատանը գտնվող մետաղյա պսակները՝ և փշրել այնոք։

— Ին՞չ,— աչքերդ մեծ բանալով հարցրեց առաջնորդը։

— Պսակներն եմ ասում, սրբազան, այն, որ ննջեցյալների տերերը տալիս են մեզ՝ եկեղեցու վերնատանը կախելու համար։

— Իրավունք տա՞մ որ հանես ու փշրե՞ս։

— Այո, սրբազան հայր։

— Ինչո՞ւ։

— Որովհետև նրանք պղծում են եկեղեցին։

— Ինչե՞ր ես խոսում․ այ աղա։

— Այդպես է, սրբազան հայր, այդ իրենք պսակներն են ասում ։

— Պսակնե՞րը։

— Այո, պսակները, որոնք ամեն օր կրկնում են այդ խնդիրը բողոքելով։

Սրբազանը ոչինչ չպատասխանեց, այլ աչքերը մեծ բանալով նայեց աջ ու ձախ և ապա ուժգին հնչակը քաշեց։

Ներս մտավ սենեկապանը։

— Թուղթ ու գրիչ բեր,— հրամայեց նա կամացուկ։

Հակոն հեռացավ։

— Ծրար էլ,— կանչեց ետևից սրբազանը։

Մի քանի րոպեից սպասավորը վերադարձավ գրության վերաբերյալ նյութերը ձեռին, զորս և դրեց սրբազանի առաջ։

Վերջինս շտապով ու երկյուղալից գրեց մի համառոտ նամակ, դրեց ծրարի մեջ և հասցեն գրելով՝ դարձավ լուսարարին։

— Լավ ես ասում, որդի, պետք է այդ պսակները հանել եկեղեցուց և փշրտել։ Բայց ամեն իր այդտեղ ցուցակագրված է երեցփոխական մատյանում, իսկ այդ մատյանները քննում են ժողովրդից ընտրված հաշվատեսները։ Դրանցից մինը, ինչպես գիտես, բժիշկ Մալուխյանն է։ Տար նրան այս նամակը, որով ես արդեն տվել եմ իմ համաձայնությունը, եթե նա ևս կհամաձայնվի, այն ժամանակ հանիր պսակները և փշրտիր։

— Իսկ դուք չե՞ք կամենում հարցնել թե՝ ինչո՞ւ համար