Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ ես այդ հրամանը խնդրում ձեզանից,— հարցրեց լուսարարը վիրավորված ձայնով։

— Ի՞նչ հարկավոր է, որդի, ես արդեն գիտեմ պատճառը. դու գնա Մալուխյանի մոտ և հարկ եղածը նրան բացատրիր։— Այս ասելով՝ սրբազանը շտապով վեր կացավ տեղից և, կարծես, այցելուի ետևից փախչելով՝ ուղղվեցավ դեպի առանձնարանը, հրամայելով Հակոյին հետևել իրեն։

Երբ վերջինս մոտեցավ, նա շշնջալով ասաց․

— Այ տղա, դուրս տար դրան այստեղից շուտով։

— Ի՞նչ կա, սրբազան, ի՞նչ իմացար,— հետաքրքրվեց Հակոն։

— Դուրս տար, ասում եմ, ապուշ, ինչ մասլահաթի ժամանակ է,— բարկացավ սրբազանը և ներս մտնելով առանձնարանը՝ դուռը ետևից փակեց։

Հակոն վերադարձավ, վերցրեց սեղանի վրա դրված ծրարը, հանձնեց լուսարարին և դահլիճի դուռը բանալով՝ հրավիրեց վերջինիս ելնել ընդունարանից։

Լուսարարը շուռ եկավ մեքենայաբար և մտամոլոր դուրս գնաց առաջնորդարանից։

— Տո հիմար, ո՞ւր ես այն խելագարին ներս բերել այստեղ,— հարցրեց սրբազանը սենեկապանին, երբ վերջինս ներս եկավ սարկավագի գալստյան պատճառն իմանալու։

— Խելագարի՞ն, մի՞թե նա խելագար է, սրբազան․․․

— Իհարկե, ինչպե՞ս է որ չես իմացել։

— Ինչպե՞ս իմանայի, սրբազան։

— Ինչպե՞ս պիտի իմանայիր, ապուշ, չէիր տեսնում որ աչքերը խառնված, մազերը գզգզված, պինչերը լայնացած․․․

Այդպես բաներ ես չեմ նկատել։

— Իհարկե, չէիր նկատիլ, քանի որ դու եկողի դեմքին չես նայում, այլ գրպանին։

— Սրբազան.․․

— Դե, լավ, մի երկարացնիլ։ Ասա տեսնեմ, դուրս անել տվիր գժին , թե՞ ոչ։

— Բոլորովին։

— Պատվիրիր որ բակի դուռը փակեն, նա կարող է