Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերադառնալ։ Դռնապանին զգուշացրու, որ ներս չթողնե այդպիսիներին,— հրամայեց սրբազանը և Հակոն դուրս գնաց այդ պատվերը ևս կատարելու։

Բ

Լուսարարը, սակայն, իր քայլերն ուղղեց դեպի Մալուխյանի տունը, և, չնայելով, որ գուշակում էր թե սրբազանի նամակը յուր պատիվը շոշափող հաղորդագրություն է պարունակում, այնուամենայնիվ, նա հանգիստ սրտով քաշեց բժշկի տան հնչակը, երբ հասավ նրա մուտքին։

Դուռը բացող ծառան հայտնեց, որ բժիշկը տանն է, ուստի լուսարարը գոհությամբ բարձրանալով սանդուղքներից, մտավ ծառայի ցույց տված ընդունարանը և նստեց մետաքսապատ աթոռներից մինի վրա։

Տասը րոպեից ետ՝ ներս մտավ բժիշկը։

Լուսարարը տեղից բարձրանալով ողջունեց բժշկին խոնարհությամբ և ծոցից հանելով սրբազանի նամակը, տվավ նրան։

— Այս ումի՞ց է,— հարցրեց բժիշկը։

— Առաջնորդից,— եղավ պատասխանը։

Բժիշկը բացավ ծրարը, կարդաց, ապա նամակը դնելով սեղանի վրա, մոտեցավ լուսարարին։

— Դուք հիվա՞նդ եք,— հարցրեց նա մի առանձին հոգածությամբ։

— Ոչ,- պատասխանեց լուսարարը։

— Բարի, բայց և այնպես, մի որևէ թուլություն չե՞ք զգում ։

— Ոչ մի թուլություն։

— Եվ ոչ էլ ջղային անհանգստությո՞ւն ունիք։

— Ես բոլորվին առողջ եմ, պարոն բժիշկ։

— Հըմ... հասկանում եմ. իսկ գիշերները հանգի՞ստ եք քնում ։

— Բոլորովին հանգիստ։

— Բարի. բարի...— Այս ասելով բժիշկը ավելի