Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատում հարազատին, եթե սա իրանից օգնություն էր հայցում։

Յուր կենդանության ժամանակ նա չբախտավորացրեց ոչ ոքին և ոչ էլ գործեց մի բարիք, որի արդյունքը տեսներ յուր աչքով։ Դրա փոխարեն նա շատ մարդկանց զրկեց և շատերի աչքից արցունք հոսեցրեց։ Այս ամենի հետ միասին նա անբարոյական մարդ էր, շնացող և ազգապիղծ։ Եվ այդ ճանապարհի համար շռայլում էր առատորեն։ Ժողովրդի անեծքը նա լսում էր անտարբերությամբ և նրա անզորությունը ծաղրում աներկյուղ։ Բայց երբ մեռավ այս հրեշը, ժառանգները եկեղեցուն տվին մի թշվառ բաժին և դրանով գնեցին ահա այս բառերը, որոնք դրոշմված են իմ ժապավենի վրա։ Այս բավական չէր, նրան թաղել տվին տաճարի բակում. որպեսզի եկող սերունդը խաբեն և նրա բերանով, գոնե, օրհնել տան անցյալ սերունդից անիծված մարդուն։ Օ՜, ամոթ և նախատինք...

— Ամո՜թ և նախատի՜նք...— կրկնեցին միաբերան մյուս պսակները և ճանապարհ տվին իրենցից մինին, որ շարժուն ցանկապատից ելնելով բարձրանում էր դեպի շատ վեր։

Բայց, աստված իմ, սա այն պսակն էր, որը ես այնքան սիրում էի, և որ պատկանում էր ամենից նշանավոր մարդուն, մի՞թե սա էլ պիտի չարախոսե յուր տիրոջ մասին, մտածեցի ես։ Բայց ահա թե նա ի՞նչ ասաց.

— Դու բերան գիտես իմ մակագրությունը, ո՛վ բարեկամ, և նրա վերաբերմամբ տվել ես ինձ հարցեր, որոնց ես սակայն դեռ չեմ պատասխանել։ Այժմ լսիր ինձ։ Հանգուցյալը, որի դագաղն ինձմով զարդարեցին, անուն ստացավ աշխարհում բախտի անարդար բերմունքով։ Նրան անվանեցին «Անկաշառ հրապարակախոս, ճշմարտության դրոշակիր ազատամիտ մարտնչող և այլն և այլն». և այդպիսի խոսքեր էլ դրոշմեցին, ահա, իմ ժապավենի վրա, որպեսզի ընթերցողերն հավատան թե իրանց մեջ, արդարև, ապրել է այսպիսի մարդ... Բայց ավաղ բարեկամների հյուսած այդ ներբողականը ոչ այլ ինչ էր եթե ոչ խաբկանք ու ստություն։ Այդ մարդն, իրավ, հրապարակախոս էր, բայց կաշառակեր, ձեռքին ուներ մի դրոշ, որ ճշմարտության չէր պատկանում, մարտնչում էր, այո, բայց ոչ ազնվաբար: Դու երևի