—«Լուր» ասած բանը նման ա ձյունի կլոնդրակի (գնդակի), որ երեխաները գնդելով դրում են ձյունի վրա, եդո սկսում են թոլ տալ (գլորել), որքան շատ ա թոլ ըլում էդ կլոնդրակը, էնքան էլ ձյունը վրան ավելանում ա, հու ենդուց եդը էնքան մեծանում, որ էլ երեխաները կարում չեն տեղից ժաժ տալ։ Ուրեմն, եզրակացրեց գործակալը, մարդիք չպետք ա ձյունը գնդեն, այսինքն ամենափոքր անկարգություն էլ ա անեն, չուն էդ անկարգության լուրն ըստեղից մինչև Թիֆլիս հասնիլը տասն անգամ պտի մեծանա, ոնց որ բնական ա: Մեղավորն էլ պետք ա պատժվի, ոչ թե էն չափով, որ մեղք ա գործել, այլ էն չափով, որ գրված ա լրագրումը:
— Բայց տեր-հայր, ձյունի գունդն ուրիշ բան է, չոր լուրն` ուրիշ բան, ձյունը գլորվելով կմեծանա, դա բնական է, բայց լուրը պիտի տեղ հասնի ճշտությամբ, առանց մեծանալու, կամ փոքրանալու,— նկատեց գործակալին մի նորընծա քահանա, որ կարծեմ, պահպանողականներից էր:
— Սխալվում ես, որդի,— պատասխանեց գործակալը.— ճանապարհ գնալուց լուրն էլ ընենց մեծանում ա, ոնց որ ձյունի կլոնդրակը, այ, մի օրինակ պատմեմ, լսիր: Օղորմած հոգի դեր (տեր) Պուղին մեր գեղի պատվական քահանաներից մինն էր։ Մի առավոտ զարթնելով կնկանն ասում ա — դերակին, էս գիշեր էրազումս էնքան տանջվեցի, էնքան չարչարվեցի, որ ուզում ի մեռնեմ։— Խի՞ , ա դեր, —հարցնում ա կնիկը,— ընդուր որ, մի ագռավ ծնեցի,— ասում ա դերը։ — Բա՛ քու տունը չքանդվի, ըդենց էլ բան կլի, արմանում ա կնիկը, հու ձեռաց վազում իրենց դրացի Օհանի կնկանը ասում՝ —աղջի, Սաբեթ, չե՛ս ասել, մեր դերը էս գիշեր էրկու ագռավ ա ծնել։— Վա՜յ, քոռանամ, էդ ի՞նչ ես ասում,— ծնկներին տալիս ա Սաբեթը, հու ինքն էլ վազում իրա հարևանի մոտ ասում.— Աղջի, Սառումի թոռը, ախր դեր Պուղին էս գիշեր իրեք ագռավ ա ծնել։— էդ ի՞նչ զուլում (պատիժ) ա, ա՛ կնիկ,— ասում ա Սառումի թոռը,— հու վազ տալի իրա տալի տունը։— Սոփի, Սոփի,— ասում ա, արմացք բան ասեմ, դեր Պուղին էս գիշեր չորս ագռավ ա ծնել։
«Ինչ գլուխներդ ցավացնեմ, բանը որ հասնում ա քյոխվին դեր Պուղին օխտը ագռավ ա ծնած ըլում։ Քյոխվան, իհարկե, իրա գեղի խեր ու շառին հոգատար մարդ, հավաքում ա գեղականը հու գալիս դեր Պուղու մոտ: