Եվ ես սկսա գրել։ Բայց ի՞նչ եք կարծում, ի՞նչ,.. Մի որևէ լո՞ւր. երբե՛ք։ Այս անգամվա ոգևորությունը լուրի ոգևորություն չէր, այլ մի ամբողջ թղթակցության, որ գրական աշխարհը հուզեր, կրքեր վառեր, մտքեր բորբոքեր... Այո՛ և ես սկսա գրել, ո՛չ, շարադրել այդ թղթակցությունը։ Եվ շարադրում էի, ի՞նչ եք կարծում քանի՞ օր,— ուղիղ տասներկու, առավոտից սկսած մինչև երեկո։ Առաջին երկու օրը զբաղված էի միայն իմ տետրակից բառեր ու ոճեր քաղելով։ Հետո կարգի բերի այն հարցերը, որոնց մասին պետք է գրեի։ Ապա սկսա իսկական շարադրությունը, որ ինձանից խլեց ուղիղ հինգ օր. հետո շարադրությանս մեջ զետեղեցի իմ ընտրած բառերն ու ոճերը, վերջն արտագրեցի, օրինակեցի, միով բանիվ դուրս եկավ մի հսկայական աշխատություն։ Եվ ուրիշ կերպ էլ չէր կարելի, երբ մարդ մի լուրջ բան է գրում, պետք է լրջորեն էլ պարապե, քննե, հետազոտե, ուսումնասիրե...։
Որովհետև այդ թղթակցությունն ամբողջապես առաջ բերել չէի կարող, ուստի համառոտ հիշեմ, թե ի՞նչ խնդիրներ էի շոշափել դրա մեջ։
Սկզբում հարձակվեցի այն բոլոր ստոր արարածների վրա, որոնք սկսել էին որոնել լուր հաղորդող թղթակցին, ինչպես օրինակ տեր Սեղբոսը և նրա նմանները։ Այս պարբերության համար հատկապես իմ ոճերի տետրակից արտագրել էի հետևյալ գեղեցիկ խոսքերը' «Պարոններ, իզուր եք որոնում, կամ հալածում թղթակիցներին, նրանք հանցավոր չեն, որ գրում են ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ձեր պատկերը, հայելին մեղավոր չէ, որ այդ պատկերը նրա մեջ երևում է տգեղ և զզվելի».
Այս կտորն այնքան գեղեցիկ էր, որ ես հինգ անգամ իրար վրա կարդացի։
Հետո սկսա խոսել, «մտրակողական» ուղղության մասին, անվանելով նրան «ժողովրդի փրկությունս»։ Եվ այդ անունն արդարացնելու համար առաջ բերի այն հզոր ազդեցությունը, որ արել էր «Հնձվորը», հրապարակ հանելով քահանաների տգեղ արարքը։ «Նույնիսկ կղերականությունը չկարողացավ անտարբեր մնալ այդ մերկացումի առաջ և ստիպված էր պատմել հանցավորներին» ասում էի ես։