Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս առիթով, սակայն, ես հարձակվեցի սրբազանի վրա, անվանելով անարդար և կողմնապահ, որովհետև իսկական հանցավորներին թողած, նա պատմել էր բոլորովին անմեղ մարդկանց (այս մեկն հո հաստատ գիտեի), և այդ արել էր, ասում էի, այն պատճառով, որ պատմվողները սրբազանի հետադեմ ուղղության կուսակից չէին։ (Մյս մասին թեպետ խոսք չէր եղել իմ ու տեր Սեղբոսի մեջ, այսուամենայնիվ ես պիտի գրեի, որովհետև իբրև թղթակից պարտավոր էի կատարված իրողության իսկական պատճառները հետազոտել, գտնել)... ։

Չխոսելով այլևս մյուս հարցերի մասին, այսքանը միայն կասեմ, որ թղթակցությունս այնքան գեղեցիկ էր դուրս եկել, որ նա, մինչև անգամ, նմանվում էր իսկական թղթակցության։ Հենց այս պատճառով էլ սիրտ արի նրա վերջում ավելացնելու իմ անձի վերաբերմամբ հետևյալ տողերը.

«Հանձն առնելով թղթակցի պատասխանատու պաշտոնը, մենք դրանով նպատակ ունինք ծառայել հասարակության իսկական շահերին։ Մեր պարտքը կլինի ամեն մի դեպքում պաշտպանել արդարությունը, ճշմարտությունը, գեղեցիկը և բարին, իսկ իրավունքը՝ հալածել ու հարվածել անարդարությունը, սուտը, տգեղը և զզվելին»։

Այս ամենից հետո առաջ էր գալիս ստորագրության խնդիրը։ Եթե իմ գրածների տակ դնեի միշտ իմ անունն ու ազգանունը, որ էր Հովսեփ Ավետիսյան Օհանյանց, դա շատ երկար կլիներ, և բացի այդ, ես կարող էի հաճախ ենթարկվել հարձակումների, կամ հրավիրվել դատարան։ (Չէ՞ որ իբրև իմ կոչման հավատարիմ թղթակից, ես չէի կարող միշտ ճշմարտություններ գրել, մի տեղ որ ուղղություն կա, բանակ կա, կուսակցության շահեր կան, մի՞թե կարելի է միշտ ճշմարտություն խոսել)։ Այդ պատճառով էլ որոշեցի ընտրել մի կեղծ անուն։ Բայց թվելով մի քանի տասնյակ բառեր, օրինակ՝ Բեեղզեբուղ, Որոմնացան, Սանտարամետ, Մտրակահար, Հառաջադեմ և այլն, տեսի, որ դրանք բոլորն էլ թեպետ գեղեցիկ, բայց երկար բառեր են։ Ես կամենում էի կարճը և քաղցրահնչյունը։