Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր այս ծրագիրներն այնքան ընդարձակ էին, որ նույնիսկ նրանց համառոտ կազմությունը խլեց Կամսարյանի` Մոսկվայից մինչև Կովկաս հասնելու միջոցում ունեցած ազատ ժամերը։ Եվ երբ նա վերջին անգամ նայեց յուր note-երի տետրին և տեսավ նրա ծայրեիծայր լիքը յուր ապագա գործունեության վերաբերյալ դիտողություններով, զգաց յուր սրտում մի թաքուն ուրախություն, որ բխում էր երբևիցե «առաքյալի» փառք ու հռչակ ստանալու հաստատուն հույսից,

Վերջապես երիտասարդը հասավ Թիֆլիս։ Հարկ չկա նկարագրելու այն ընդունելությունը, որին հանդիպեց նա հոր տանը։ Ամենքդ արդեն գիտեք թե պանդխտությունից վերադարձող որդուն ի՛նչպես են ընդունում կարոտակեզ ծնողները, կամ նորատի քույրերն ու եղբայրները։ Որքան ջերմ համբույրներ, որպիսի գրկախառնություն, խանդաղատանք, ուրախության արցունքներ և ապա ինչպիսի՜ քաղցր ու երջանիկ ժպիտներ շրջապատում են նորեկին։ Եթե դրա վրան էլ ավելացնենք այն, որ այդ բոլորը տեղի էր ունենում մի հարուստ տան մեջ, ուր մեծ թե փոքր, աղջիկ թե տղա չգիտեին թե ինչ է կարոտությունը, որ աղքատի տան մեջ յուր ներկայությունը զգալ է տալիս նույնիսկ այն վայրկյանին, երբ մայրը ողջագուրում է պանդխտությունից վերադարձող որդուն, որ հաճախ ցրտացնում է համբույրի ջերմությունը և շուրթերի վրա ժպիտը սառեցնում, այն ժամանակ կհասկացվի թե որպիսի երանությամբ էր շրջապատված նորավարտ, գեղեցիկ արտաքինով և դեռ ամենքին սիրելի Պետրոս Կամսարյանը։

Թողնենք ուրեմն նրան զվարճանալ առայժմ յուրայինների հետ։