Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պարտականը, երևի, դրա ազգակա՞նն է,— հետաքրքրվեց Պետրոսը։

— Չէ, հեռու մարդ ա. ամա դե սրա հմար դի՛փ էլ ազգական են։ Ով որ էս գեղըմը նեղության մեջ ըլի, սա պտի վազ տա քյոմակ անի (օգնի)։ Աստոծ օրհնի, լավ ջան (հոգի) ա։ Ամա մին փիս խասյաթ ունի. շատ ա ճշմարտախոս (ասենք ղազախեցիք դիփ ըդենց են. սա էլ Ղազախիցն ա քոչած)։ Հարիր անգամ ասել եմ՝ ա Պետ, խոսքն ընենք մարդու ճակատմեջին ես խփըմ, որ նա շշկլվում ա. ընենց մ՛անիլ, որդի։ Ասում ա՛ չէ, ա դեր, դու գիտում չես, լավն հենց էդ ա։

— Իհարկե, լավը նա է, որ մարդ ճշմարտախոս լինի և խոսքը ճակատին ասե,—հաստատեց Կամսարյանը։

— Բա՛, դո՞ւ էլ ես ըդենց ասըմ. դե էն ա, ասա երկուսդ մին դինի (հավատի) մարդիկ եք, էլի։ Դե որ ըդենց ա, ե՛կ ծանոթվիր էս ուստին։ Ա՛ Պետ, գի՞տում ես սա հո՞վ ա,— դարձավ քահանան գյուղացուն։

— Չէ, գիտում չեմ,— պատասխանեց վերջինս։

— Սա Թիֆլիզից ա եկել, հուսումնական տղա ա. մեր մհալները (գավառները) ման ա գալիս, տենում ա, քննում ա. կըլի որ էդ տեհած, քննածն էլ գիր շինի, յա գազեթ գցի։ Ամա դե մեր գեղին հավան չի կենում։ Վախում եմ մեզ վրա փի, բաներ գրի։ Հմի էս ա տանում եմ շենը ման ածեմ, բալքի չըտեհածը տենա, հվանի։ Դու էլ մեզ հետ ե՛կ, ղոչաղ մարդ ես. կըլի մի-մի հետ էլ դո՛ւ սրա ջուղաբը տաս,— ասաց քահանան ծիծաղելով։

— Լավ կըլի. գնանք,— համաձայնեց գյուղացին։

— Տեր-հայր, ես գիր շինող, կամ գազեթ գցող չեմ, ինչու այս մարդուն սխալ տեղեկություն ես տալիս,— նկատեց Կամսարյանը ժպտալով։

— Դիփ մեկ ա, էսօր չըշինես, մեկել օրը կըշինես. յա չէ մին տարուց եդը: Հուսումնականներին ես լավ եմ ճանանչում։ Գալիս են ըստեղերք ման գալիս, բաներ տենում, լսում, իմանում, եդո գնում։ Անց ա կենում մին, էրկու, իրեք, յա չէ հինգ տարի։