Էջ:Muratsan, vol. 6.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հմի ասելս էն ա թե՝ էդ հուսումնականնին էլ, ուզեն չուզեն, պտի գրեն. չուն ուսումը որ առնըմ են, դհե մին հիվանդութին մտնըմ ա մեջները։ Իրանք էլ չեն գիտում, թե՝ խի են գրում. ամադևոր չըգրեն, սրտները կճաքի, յա ոնց որ թեմականն էր ասում, ջանըները մղմող կընկնի։

Տեր-Վանին, որ չէր մոռանում Կամսարյանի՝ «ուտելու» մասին արած վերջին դիտողությունը, այժմ արդեն աշխատում էր ոչ միայն զատ խնդիրների գրողների կամ ուսումնականների մասին խոսել, այլև ընդունելով, որ երիտասարդը դրանցից մինն է (թեպետև նա հերքեց) կծու ակնարկներ էր անում նրա հասցեին։

Պետրոսը, սակայն, զվարճանում էր տեր-հոր այդ ուշադիր ջանքը տեսնելով։

Երբ նրանք մի քանի ծուռ անցքեր անցնելով հասան մի բարձր տեղ, քահանան կանգ առավ և երեսը դեպի ծովակը դարձնելով, ասաց Կամսարյանին.

— Դե հմի մտիկ տո՛ւ, տե ս, սրանե լավ գեղ կըլի՞. ա՛յ, դեսը մտիկ տո՛ւ, դենը մտիկ տո՛ւ, էս վերևի կապիտը տե՛ս...— այս ասելով նա ցույց էր տալիս շրջակա լեռների, ծովակի և կղզու տեսարաններն ու գեղեցիկ հորիզոնը, որ պարփակում էր երկնքի պայծառ կապուտակը։

— Դրանք ձեր գյուղի առավելությունները չեն, այլ բնության,— նկատեց Կամսարյանը,— այդպիսի առավելություններ ամեն տեղ կարելի է գտնել։ Ի՞նչ ունեք դուք ձեր գյուղում ձեր ձեռքով շինած, այն ցույց տվեք։

— Ի՞նչ պտի ունենանք. ա՛յ էս տներն են, էս էյվանները, էս մարագները... հո տենո՞ւմ ես։

— Տեսնում եմ, բայց դրանք տներ չեն, այլ ախոռներ, մարդ արարածը չպետք է ապրի դրանց մեջ։

— Բա մենք խի՞ ենք ապրում։

— Հենց ես էլ դրա վրա եմ զարմանում, թե ի՞նչպես եք կարողանում ապրել։

— Գի՞տաս ի՞նչ կա, աղա, —մեջ մտավ ուստա Պետին,— ես, ղորդ ա, հմի գեղըմն եմ ապրըմ, ամա շատ ման եկած, շատ աշխարհ տեսած մարդ եմ։ Ինձ որ ուստա են ասըմ, նրա հմար ա, որ փեշակով (արհեստով) դյուրդյար (հյուսն) եմ, քաղաքներում շատ եմ բանել: