Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամա դե ես էդենց խիստ չեմ. ազատություն տալիս եմ. ի՛նչ արած, որ էդ տնաքանդները իմ տված ազատությունը չարն են գործ դնում։ Տեսնո՞ւմ ես էս հեր օրհնածը (ցույց է տալիս հետը եղող վարդապետին), վանքի լուսարարն ա. ասիլ հոգևորական ա. քառասունուհինգ տարի ա էս վանքումը, հալա ոտը ըստեղից դուրս չի դրել։ Որ հարցնես թե քաղաքն ի՞նչ ա, գիտալ չի թե ինչ ա, չուն ոչ գնացել ա, ոչ տեսել։ Ամա էդ ջահիլներին, որ բաց թողնես, ամեն օր վազ կտան Րևան յա - Դիլիջան: Դե էդենցով բա՞ն կըլի։ Ես որ իմ պաշտոնին էսենց արի ու զգաստ չէի էլել, կարո՞ղ էի էսքան բարեկարգություններ անել էս վանքումը։ Տեսնո՞ւմ ես, շատ բան էստեղ իմ շինած ա։

Այս ասելով վանահայրը ցույց էր տալիս հեռվից վանքի շինությունները, եկեղեցին, մատուռները, միաբանության կացարանները և համառոտ բացատրում, թե ո՛րը ե՛րբ և ինչի՛ համար է շինված: Այսպես զրուցելով նրանք սկսան բարձրանալ դեպի կղզու բլուրը, նրա լանջի վրա շինված կեռմաններով։ Ճանապարհին շարունակ վանահայրը պատմում էր, թե որքան մեծ գործեր է կատարել Սևանում, թե վանքը որքա՛ն երախտապարտ է իրեն և թե նա յուր այժմյան «պայծառությունը» պարտական է յուր (վանահոր) քսանհինգամյա վանահայրության։

Այս ասելով նա մտնում և ցույց էր տալիս բլրի արևելյան կողմը գտնվող ս.Կարապետի մատուռը և հարավային կողմի ս.Առաքելոց եկեղեցին, որոնք ոչ միայն զուրկ էին «պայծառությունից», այլև մութ, անշուք, իսկ առաջինը մինչև իսկ ճաքճքած պատերով, կիսախարխուլ գմբեթով, վայր իջած զավթով։ Իսկ դրանց զարդերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ փայտե անզարդ խաչկալ, չթե վարագույր, մի քանի հասարակ մոմակալներ և անարվեստ ու գռեհիկ պատկերներ, որոնք, ո՞վ գիտե, ո՞ր գեղջուկի ձեռքով մոտակա բազարներում գնված և նվիրաբերված էին «հինավուրց Սևանին» — ըստ որում նրանցից մի քանիսն ունեին, մինչև իսկ, ռուսերեն մակագրություններ։